Եմենում վերջին մեկ ամսվա ընթացքում խոլերայից մահացել է 250 մարդ
Եմենում վերջին մեկ ամսվա ընթացքում խոլերայից պաշտոնական տվյալներով մահացել է 250 մարդ, օրական հարյուրավոր մարդիկ վարակվում են և հոսպիտալացվում:
BBC գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քաղաքացիական պատերազմով բռնկված երկրում խոլերան մեծ արագությամբ տարածվում է: Ամենից շատ հիվանդներ հանդիպում են Եմենի մայրաքաղաք Սանայում, որտեղ իշխանություններն արտակարգ իրավիճակ են սահմանել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենի բնակչության երկու երրորդը (շուրջ 8 մլն մարդ) զրկված է խմելու մաքուր ջրից: Խոլերան տարածվում է աղտոտված խմելու ջրի և սննդամթերքի միջոցով: Նշվում է, որ հիվանդության ընթացքը ծանր է, և առանց բուժօգնության մահը վրա է հասնում հաշված ժամերի ընթացքում:
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է անում Եմենին անհապաղ օգնություն ցուցաբերել, որպեսզի դադարեցվի խոլերայի տարածումը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ Եմենում ավերված է շուրջ 300 պոլիկլինիկա և հիվանդանոց:
Նշենք, որ Եմենում հակամարտությունը սրվել է 2015թ-ին: ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչ այժմ մահացել է 8 հազար մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ: Պատերազմի հետևանքով՝ գրեթե 19 մլն մարդ հումանիտար օգնության կարիք է զգում:
Հարակից հրապարակումներ`
- Եմենում Հայաստանի քաղաքացիներ չկան. Տիգրան Բալայան
- Հայաստանի ԱԳՆ-ն պարզում է՝ կա՞ն արդյոք Եմենում ՀՀ քաղաքացիներ
- Եմենի ԱՆ-ը խնդրել է միջազգային հումանիտար կազմակերպություններին օգնել խոլերայի դեմ պայքարում
- Եմենում խոլերայի բռնկումից 100-ից ավելի մարդ է մահացել