Տնտեսության վիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի գնա. փորձագետ
Եթե Ադրբեջանը գնա լայնամասշտաբ պատերազմի, ապա հայկական կողմը կարող է թիրախավորել այդ երկրի նավթագազային համակարգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:
Նրա խոսքերով՝ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նավթի գների անկումը միշտ համընկնում է ռազմական գործողությունների հետ:
«Բացառված չէ, որ նման տարբերակ լինի տարածաշրջանում, այլ բան է, որ եթե Ադրբեջանը խոշոր պատերազմի է գնում, ապա լուրջ ռիսկերի տակ է հայտնվում, քանի որ իր ամբողջ նավթագազային համակարգը թիրախավորվում է հայկական ուժերի կողմից, ինչը բնական է»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Ըստ մասնագետի՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազամուղը, որպես կանոն վերահսկվում են «Բրիթիշ Պետրոլիում»-ի կողմից, սակայն դրանց գործունեության երաշխավորը Ադրբեջանի իշխանությունն է:
«Հետևաբար, նրանք կանգնել են դիլեմայի առաջ՝ սկսե՞լ պատերազմ, թե ոչ, կամ ինչ մասշտաբով սկսեն: Երկրում առկա սոցիալական իրավիճակից շեղելու լավագույն տարբերակն Ադրբեջանի համար փոքրամասշտաբ ռազմական գործողությունների գնալն է: Ապրիլյան պատերազմը դրա դասական օրինակն է»,-հավելեց նա:
Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան էլ նշեց, որ առաջնագծում լարվածություն ստեղծելով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից:
«Կարծում եմ, որ այս սցենարը կշարունակվի, քանի որ ադրբեջանական հասարակությունը գտնվում է ինֆորմացիոն վակումի մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն օր պատմում են իրենց հաջողությունների մասին, որ ապրում են արագ զարգացող, հրաշալի պետությունում, դրան զուգահեռ ցույց են տալիս 90-ական թվականների Երևանի կադրեր՝ նշելով, որ այստեղ մարդիկ սովից մահանում են»,- ասաց Անժելա Էլիբեգովան:
Այդուհանդերձ, փորձագետը կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, քանի որ Ադրբեջանն արդեն չունի այդ ռեսուրսներն ու վստահությունը:
«Տնտեսության վիճակն այնպիսին է, որ լայնամասշտաբ պատերազմի ուղղակի չի ձգի, բայց առաջնագծում պրովոկացիոն գործողություններ պարբերաբար կլինեն»,- ասաց Անժելա Էլիբեգովան: