Թոմ Քաթինա. Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից
«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ»: Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան:
Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են, որ բժիշկը պատմել է իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700,000 բնակչություն ունեցող բնակավայրի հիվանդանոցի միակ վիրաբույժն է:
«Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի և ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է և ուժ է տալիս: Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից»,-ասել է նա ուսանողներին:
Երևանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրել է պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:
Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով երեք հայ բժիշկների՝ Սուդանի Նուբա լեռներ մեկնելու շնորհիվ, ովքեր բժիշկ Թոմի բացակայության ընթացքում աշխատում են «Գթության մայր» հիվանդանոցում:
2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն և Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Հարակից հրապարակումներ`
- Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին