Չեզոքացված ԻՊ ահաբեկիչները հարձակում էին նախապատրաստել իշխող կուսակցության համագումարի ընթացքում
Կիրակի օրը Անկարայում չեզոքացված ԻՊ խմբավորման ահաբեկիչները հարձակում էին նախապատրաստել իշխող կուսակցության համագումարի ժամանակ։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքային շրջանի նահանգապետ Էրջան Թոփաջանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Սպանված երկու ահաբեկիչները նախատեսում էին հարձակում գործել «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկիչներից մեկն Ադրբեջանի քաղաքացիություն ունի։
Հակաահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 21-ին՝ Էթիմեսհութ շրջանի բնակելի թաղամասերի հարևանությամբ։ Ոստիկանությունը գրոհել է բնակարաններից մեկը, որտեղ եղել են ահաբեկիչները։ Վերջինները ոստիկանների ուղղությամբ կրակ են բացել և փոխհրաձգության ժամանակ սպանվել։
Բնակարանում հետախուզության ժամանակ հայտնաբերվել են ձեռագործ նռնակներ, հզոր պայթուցիկ սարքեր և զենքեր։