Ա. Հովակիմյանը՝ ադրբեջանցի պաշտոնյային. ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ հակամարտությունը
«Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն տեղը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: Ստամբուլում տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԺ նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին:
«Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- նշել է Հովակիմյանը:
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ քաղաքականության, մասնավորապես, ապրիլյան ագրեսիայի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է այդ ջանքերի տապալման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը:
«Մեղադրանքները, ռազմատենչ կեցվածքը և միակողմանի առավելապաշտական պահանջները չեն կարող լուծել հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ հնարավոր է հասնել առաջընթացի, եթե Ադրբեջանը հրաժարվի ուժ գործադրելու քաղաքականությունից և բարեխղճորեն ներգրավվի բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»:
Գագաթաժողովն ընդունել է ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը, որտեղ մեկ անգամ ևս վերահաստատվեց կազմակերպության տնտեսական բնույթը:
Թուրքական մամուլի հաղորդմամբ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ելույթից հետո նախագահողը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, համաձայնվելով, որ ՍԾՏՀ-ն ԼՂ-ի հիմնահարցի քննարկման հարթակ չէ, նշեց, որ այս խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ-ն, գտ;նվում է դահլիճում: Էրդողանը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավել տևող այս խնդրի լուծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան