Ամերիկացի դերասան Ուիլեմ Դեֆոն կմարմնավորի Վան Գոգին
Երկու անգամ «Օսկարի» հավակնորդ դերասան Ուիլեմ Դեֆոն «Հավերժության շեմին» ֆիլմում մարմնավորելու է հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին: Ռիա նովոստին, հղում անելով Deadline պորտալին, գրում է, որ ֆիլմը նվիրված է նկարչի կյանքին:
Ամերիկացի ռեժիսորր Ջուլիան Շնաբելի ֆիլմը պատմելու է նկարչի կյանքի մասին ֆրանսիական Արլ և Օվեր սյուր Ուազ քաղաքներում: Նկարահանումներն իրականացվելու են Ֆրանսիայում: Ֆիլմի պրոդյուսերն է լինելու Ջոն Կիլիկը: Սյուժեի վրա, բացի ռեժիսորից, աշխատել է նաև ֆրանսիացի սցենարիստ Ժան-Կլոդ Կարերը:
«Այս ֆիլմը գեղանկարչության, նկարչի մասին է և նրանց վերաբերմունքը հավերժությանը: Պատմությունը ներկայացվում է նկարչի անունից: Իմ կարծիքով, ֆիլմում կան կարևոր պահեր նրա կյանքից: Սա պաշտոնական պատմություն չէ, սա իմ տարբերակն է: Հույս ունեմ, այն կօգնի մոտենալ նրան»,- ասել է ռեժիսորը:
Վան Գոգը ծնվել է 1853 թվականին: Գեղանկարչության ոլորտում իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1880 թվականին: Վինսենթ վան Գոգը համարվում է արվեստի էքսպրեսիոնիզմ ուղղության հիմնադիր։ Նրա արվեստը մեծապես ազդել է 20-րդ դարում ձևավորված ուղղությունների, հատկապես՝ ֆովիզմի և գերմանական էքսպրեսիոնիզմի վրա։ Իր ոչ երկար ստեղծագործական գործունեության ընթացքում նա ստեղծել է 2000 արվեստի գործ, այդ թվում 930 գեղանկար, 1100 գծանկար և էսքիզ: Ամստերդամում Վան Գոգի թանգարանը Հոլադիայում ամենաշատ այցելու ունեցող և աշխարհում ամենահայտնի մշակութային օջախներից է: Մեկ տարում այն ընդունում է 1,5 միլիոն այցելու: