ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ միացել են հեծանիվով դեպի աշխատավայր ուղևորվելու միջազգային օրվան
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ միացել են հեծանիվով դեպի աշխատավայր ուղևորվելու միջազգային օրվան՝ առավոտյան սահմանված ժամանակացույցն սկսելով հեծանիվ վարելով:
Ընկերությունից հայտնում են, որ արշավի մասնակիցները աշխատավայր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակ են ժամանել հեծանիվներով: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտեցումը կարևոր արժեհամակարգ է ընկերության աշխատակիցների շրջանում:
Ըստ աղբյուրի, Երևանի փողոցներում օրեցօր ավելացող հեծանվորդների քանակը ոչ միայն նոր միտում է, այլև առողջ հասարակություն ունենալուն ուղղված կարևոր քայլ: Հայաստանում սկսում է աճել այս փոխադրամիջոցից օգտվողների թիվը, սակայն հեծանիվով աշխատանքի ուղևորվողների թիվը դեռևս փոքր է:
Աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են «հեծանիվով դեպի աշխատավայր» մեկնելու արշավներ, և շատ մարդիկ այդպես էլ վարվում են: Հեծանվորդությունն ունի իր առավելությունները թե՛ անհատի, թե՛ հասարակության, թե՛ միջավայրի ու նաև համայնքների համար: Իրականում, հեծանվորդությունը կարող է դառնալ նոր սկիզբ՝ հանրային առողջության ոլորտի և շրջակա միջավայրի կարևոր խնդիրները մեր երկրում լուծելու համար:
Հեծանվորդների թվի ավելացումն իր ուղղակի դրական ազդեցությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի պահպանության հարցում. մեքենաների թվի կրճատմանը զուգահեռ, կկրճատվի նաև մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի ծավալը: Սա առավելություն է նաև ուրբանիզացված տարածքների և քաղաքների, մասնավորապես՝ Երևանի բնակիչների համար: Հեծանիվով երթևեկելն ամենօրյա ճանապարհատրանսպորտային խցանումներից խուսափելու առավել հարմարավետ եղանակներից է՝ հատկապես ամռան տապին: Այս փոխադրամիջոցի ընձեռած հնարավորությունն արդյունավետ է նաև գումար տնտեսելու և ժամանակ խնայելու առումով: Հեծանիվ վարելն առավոտյան մարզանքի հարմար տարբերակ է և նպաստում է գրասենյակային աշխատողների առողջ ապրելակերպին:
«Յուրաքանչյուր լավ նախաձեռնություն արժանի է իրականացման ու հետևաբար՝ պահանջում է քաջալերում և աջակցություն: Մենք բարձր ենք գնահատում շրջակա միջավայրի և սեփական առողջության հանդեպ մեր ընկերության աշխատակիցների պատասխանատու մոտեցումը: Ընկերության տարածքում գործող՝ հեծանիվների համար նախատեսված կայանատեղի առկայությունը կարևոր պայման է այս նոր վարքագիծը մեր աշխատակիցների շրջանում խրախուսելու և լայն հասարակության համար օրինակ ծառայելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն աշխատակիցները, ովքեր ցանկություն են ունեցել սովորել հեծանիվ վարել, ուղևորվել են դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ընկերության կամավորների օգնությամբ ձեռք են բերել այդ կարևոր և առողջարար հմտությունը: