Բերբերյան. Հակակարկտային պաշտպանության համար նախատեսված գումարներն օգտագործվել են ոչ նպատակային
«Ողջունելի է, որ կառավարության անդամները հասկացան, որ Բերբերյանը ճիշտ է, հակակարկտային կայաններն էֆեկտիվ չեն: Տասը տարի էր պետք դրա համար»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:
Նա ողջունելի է համարում նաև, որ «կառավարությունն ունեցավ կամքի ուժ, խոստովանեց իր սխալները և անցնում է այն համակարգին, որը Հայաստանում կաշխատի»:
Կազմակերպության նախագահը համարում է, որ հակակարկտային կայանների գնման վրա ծախսված գումարներն օգտագործվել են աննպատակային:
«Կառավարության անդամների մեջ կա իրար գործերի չմիջամտելու ինչ-որ հմտություն, հարևան նախարարի բոստանը քար չեն գցում: Եթե հիշում եք, Սերգո Կարապետյանը քարը գցեց Արտակարգ իրավիճակների նախարարության բոստանը: Նախանցած տարի այդ սարքերի գնումները դադարեցրեց, իհարկե մենք էլ ենք օգնել այդ հարցում, հիմնավորումներ ենք տվել: Բայց գարնանը նորից ձեռք բերեցին»,-ասաց Բերբերյանը:
Նա կարծում է, որ գերատեսչական ինչ-որ պայքար կա, որը չի բխում ոչ պետության, ոչ էլ ժողովրդի շահերից:
«Չինովնիկները պետք է հասկանան, որ աշխատում են ոչ թե մի քանի հաստիք ավել ունենալու համար, այլ ժողովրդի համար: Անցած տարի մեր միավորումը հայտարարությամբ հանդես եկավ, ասավ, էդ սարքերը ում անվան տակ ուզում եք աշխատացրեք, բայց ժողովուրդը դրա կարիքը չունի»,-ասաց ՀԿ նախագահը:
Նա ասաց, որ Արգենտինայից բերված սարքերը Հայաստանում սկսել են աշխատեցնել ոչ թե ացետելինով, այլ՝ բութանով:
«Բութանը 5 կմ-ից ավել չի բարձրանում, իսկ կարկուտը ձևավորվում է 8-10 կմ բարձրության վրա: Ես գտնում եմ, որ գումարների փոշիացում է եղել: Եթե անցած տասը տարում այդ կայանների ձեռքբերման համար ծախսված գումարները ներդրվեին ցանցային պաշտպանության համակարգի վրա, ինչ կլիներ: Մինչդեռ հիմա էլ պայքարում են ցանցային համակարգի դեմ»,-ասաց նա:
Բերբերյանն ասում է, որ չափազանցված թվեր են հրապարակում, իբր մեկ հա տարածքի ցանցապատման համար անհրաժեշտ է 20-30 հազար դոլար:
«Իրականությանը չի համապատասխանում, տասն անգամ ուռճացված թվեր են: Իրականում խոսքը 2-3 հազար դոլարի մասին է»,-ասաց նա:
Բերբերյանը համարում է, որ արդյունավետության տեսանյունից առավել ճիշտ է կիրառել ցանցապատումը: Այն կարկուտից պաշտպանում է 100 տոկոսով:
ՀԿ նախագահը կարծում է, որ պետական բյուջեի միջոցներն աննպատակ ծախսելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի, ինչպես եղավ 2011թվականին ցորենի անորակ, ոչ ծլունակ սերմացու ներկրելու դեպքում:
«Չինովնիկների անպատժելիությունը կարծես թե պետությունը երաշխավորում է, որը մեր լուրջ թերություններից է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա
- Բյուրականում կարկուտից ամբողջությամբ վնասվել է բանջարաբոստանային ցանքատարածությունները
- Դավիթ Տոնոյանն առաջարկել է ներդնել հակակարկտային հրթիռային և ցանցային համակարգեր
- Յուրաքանյուր մարզ կարկուտի պատճառով տարեկան ունենում է 2-3 միլիարդ դրամի կորուստ
- Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ կտեղադրվեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին