«Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
Այսօր Շուշի է ժամանել «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ առավոտյան Արցախի հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ու Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ուղեկցությամբ Մարգարիտ Բարանկիցեն այցելել է եկեղեցի, աղոթել և մոմ վառել:
Այնուհետև Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հոսքային դպրոցի նախապատրաստական խմբի երեխաները ողջունել են հյուրին և նրան նվիրել խորհրդանշական հուշանվերներ: Հյուրերն այցելել են Շուշիի երկրաբանության պետական և գորգերի թանգարաններ, ծանոթացել ցուցանմուշներին, եղել Շուշիի իրանական մզկիթում: Նարեկացի արվեստի միությունում Մ. Բարանկիցեին հանդիպել է երեխաների հետ, նրանց հետ պարել հայկական ազգային պարեր: Երեխաները մեծ մարդասերին նվիրել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, իր դիմանկարը, խաչով թևնոց:
«Երեխաները մեր մեծագույն հարստությունն են, մեր ապագան կերտողները: Մենք շատ շնորհակալ ենք ձեր բարեկամական ջերմ ընդունելության համար: Ես լավ գիտեմ հայ ժողովրդի պատմությունը. շատ անգամներ են փորձել ձեզ ոչնչացնել, կոտրել ձեր կամքը, բայց դա ոչ ոքի չի հաջողվել. դուք շարունակում եք ապրել, պաշտպանել ձեր հողը ու շենացնել ձեր հայրենիքը»,-մասնավորապես ասել է Բարանկիցեն:
Պատվիրակության կազմում է եղել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանն, ով իր խոսքում ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկեղծ ընդունելության համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարևաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30.000 երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է
- «Ավրորա»-ի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա Թուրքիայում
- «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում