Վախից պապանձված ու գոռգոռալով կամ ճախրանքի վայելումով. Zipline-ը՝ սեփական փորձով
Հայաստանում էքսթրեմալ «սպորտով» զբաղվում են բոլորը. դրա համար անհրաժեշտ է ընդամենը դուրս գալ տնից, օգտվել վերելակից, անցնել փողոց, ավելի սուր զգացողությունների համար կարելի է գետնանցումով անցնել փողոցը, օգտվել երթուղայիններից և այլն։ Հետո գալիս է մի գիտակցում՝ եթե էքսթրիմի մեջ ենք, գոնե հաճույք ստանանք , ու սկսում ենք փնտրել մեզ համապատասխան սպորտաձևերում այն։ Բախտներս բերել է, որ մեզանում կան երազողներ, որոնք , կարծես թե, մեր փոխարեն էլ են երազում ու խենթ գաղափարներ կյանքի կոչում. օրինակ Տիգրան Չիբուխչյանը, ով նպատակ է դրել Հայաստանում կառուցել աշխարհի ամենաերկար զիփլայնը ու ինքնաթիռային չվերթներ անել Արցախում, որի ժամանակ ուղևորին թույլ կտան անգամ մի քիչ օդաչու զգալ իրեն։ Փորձնական թռիչքն էլ արդեն արել է։ Այսպիսով՝ այսուհետ Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park»-ը համատեղ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։ Թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով, Ստեփանակերտ-Գանձասար երթուղիներով. տևողությունը՝ 20 րոպե։ Հարցիս՝ իսկ չե՞ք վախենում Արցախի օդային տարածքներն օգտագործելուց, Տիգրանը պատասխանեց, թե իր միակ մտահոգությունը եղանակն է ու հավելեց, որ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքների կազմակերպումը միտված է ապացուցելու, որ մեր երկրի բոլոր ենթակառուցվածքները պետք է օգտագործենք ու գնահատենք։ Ի դեպ Տիգրան Չիբուխչյանը «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակն ու հիմնադիրն է։
Տիգրանն ասում է, որ աշխարհի մասշտաբով այս ռեկորդային նախագծի իրականացման գաղափարը «Յելլ էքսթրիմ Պարկի» թիմն ունեցել է շատ վաղուց։ Ամենաերկար զիփլայնի կառուցման համար անհրաժեշտ է 200 հազար ԱՄՆ դոլար, որի մեծ մասն արդեն առկա է. մնացած հատվածը նախագծի հեղինակները որոշել են լրացնել աշխարհում հայտնի, վստահելի և մեծ հեղինակություն վայելող միջազգային հարթակի՝ Indiegogo-ի միջոցով՝ համախմբելով ինչպես ամբողջ աշխարհի մեր հայրենակիցներին, այնպես էլ օտարերկրացիներին:
Նախագծի PR-գործընկեր SPRING PR-ընկերության PR պատասխանատու Մարիամ Սաֆարյանն էլ հավելում է, որ Indiegogo միջազգային հարթակում մայիսի 4-ից է մեկնարկել Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի արշավը, որը տևելու է 30 օր և ավարտվելու է 2017 թվականի հունիսի 2-ին.«Նոր ու ամենաերկար զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, որը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար Զիփլայնը Մեքսիկայում է՝ 2545մ»:
«Այսպիսով մայիսի 4-ից մեկնարկեց կոլետիվ դրամահավաք, որը համաշխարհային պրակտիկայում հետաքրքիր և նշանակալի նախագծերի իրականացման ընդունված մեթոդ է»,- Տավուշի մարզի Ենոքավան համայնքում «Յելլ Էքսթրիմ միայն մեդիաների համար» շրջայցի ժամանակ պատմեց Տիգրան Չիբուխչյանը։
Ըստ «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի մարքեթինգի պատասխանատու Գեղամ Վարդանյանի՝ նվիրատվությունների մեծ մասը Հայաստանից է, երկրորդ տեղում ԱՄՆ-ը և Ռուսաստանն են, այնուհետև Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Վրաստան և այլն: Նախագծին իր աջակցությունն է ցուցաբերել նաև ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն, այդ թվում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Մինչ նորի կառուցումը, որոշեցինք սեփական ուժերով նախ փորձարկել փորձված հինը։ Պարզվեց զիփլայնով թռնել ցանկացողները բաժանվում են երկու խմբի, առաջին խմբում նրանք են, որ հասնում է թռնելու պահը ու միանգամից փայլատակում է փայլուն միտք՝ «Բայց երևի պետք չի, հա, մնա մյուս անգամ, մամա ջան վախում եմ», իսկ երկրորդ խմբում նրանք են, որ հարցնում են՝«իսկ կարելի ա գլուխկոնծի տալ, ոտքերով կախվել ճոպանից, սելֆի անել, սուրճ խմել»։
Առաջին խմբի վախը հատուկ վերցնելու ձև կա. օրինակ զիփլայն-ինստրուկտոր Գրիգորն այնսպիսի հատուկ էֆեկտներ էր ապահովում նրանց համար օդում, որ հաջորդ ճոպանի հերթում «վախկոտները» առաջին շարքում էին կանգնում։ Իսկ անվախները զուտ նախանձում։
Թռիչքի պահին էլ աղմուկը 3 տեսակ է լինում. վախից մինչև երկինք գոռացող ու հաճույքից երկնքից էլ վեր գոռացողներ ու լռություն՝ թռչողը վախից պապանձված ու կռկված գալիս է։ Ի դեպ՝ վախը մինչև առաջին ճոպանն է. հետո բոլորն ասում են՝ «Վա՜յ, ինչո՞ւ էի այդպես տրամադրվել, ախր վախենալու բան չկար է »։
Ես առանձնապես ոչ մի խմբին չէի պատկանում՝ անկեղծ ասած։ Աղջիկներից մեկը մինչ թռիչքն ասում է՝ իսկ եթե ճոպանը կտրվի, պատասխանում եմ. «Դե ես էլ կբացեմ թևերս ու կսկսեմ ճախրել. ազատ անկումը միշտ էլ կա։ Իմ գործը վայելելն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում