Նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանը լուրջ տնտեսական փոփոխությունների առաջ է կանգնել. Արմեն Մանվելյան
2014 թվականից նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանը լուրջ տնտեսական փոփոխությունների առաջ է կանգնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի նավթային սեկտորը, որը կազմում է նրա ներքին համախառն արդյունքի 51 տոկոսը, քիչ է ազդում երկրի բնակչության կենսամակարդակի վրա, քանի որ այդ ճյուղը, լինելով բավականին ֆինանսատար, միաժամանակ աշխատատար չէ՝ այդ բնագավառում զբաղված է Ադրբեջանի բնակչության 2 տոկոսը: Միաժամանակ նավթի բարձր գները բերում էին մանաթի գերարժևորման, ինչը հանգեցնում էր մյուս ոլորտների քայքայմանն ու աշխատատեղերի մասսայական փակմանը:
Ըստ մասնագետի, երբ նավթի գները բարձրանում են, Ադրբեջանի իշխանությունները փորձում են սոցիալական խնդիրներն ինչ-որ ձևով լուծել, իսկ երբ նավթի գները կտրուկ անկում են ապրում, ապա իրավիճակը կտրուկ փոխվում է: «Հիմա Ադրբեջանը գտնվում է այդ փոփոխվող իրավիճակի պայմաններում: Արդյունքում ՀՆԱ նվազել է 30-40%-ով. եթե 2014թ-ին ՀՆԱ-ն կազմում էր 73 մլրդ դոլար, ապա 2016թ-ին՝ 38 մլրդ դոլար: Այսինքն՝ երկիրը կագնած է լուրջ խնդիրների առաջ, ինչն ազդում է նրա տնտեսական ամբողջ համակարգի վրա»,- ասաց Արմեն Մանվելյանը:
Նրա խոսքերով, որպեսզի Ադրբեջանը վերջնականապես չսնանկանա, ապա նավթի գինը պետք է մինիմումը լինի 80 դոլար, ինչը քիչ հավանական է:
Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան էլ նշեց, որ Ադրբեջանում առկա տնտեսական ճգնաժամը նոր չէ: «Մի շարք վերլուծաբաններ ասում էին, որ Ադրբեջանը 2010 թ-ին արդեն հասել է իր էներգառեսուրսների արդյունահանման պիկին և այլևս նախկին ցուցանիշները չեն կարողանալու ունենալ: Այդ ժամանակից սկսած՝ երկրում սկսվեց տնտեսական անկում, տնտեսությունն էլ այս ժամանակահատվածում չդիվերսիֆիկացվեց՝ հակառակը մնաց կախված նավթային ռեսուրսներից, ինչի արդյունքում երկրի տարբեր շրջաններում սկսվեցին ցույցեր, մարդիկ այրում էին մեծահարուստների մեքենաները և այլն: Դա առաջին ահազանգն էր իշխանության համար, որ ինչքան էլ հասարակությունը հանդուրժող է ռեժիմի հանդեպ, որքան էլ իշխանությունները փորձում են դրսում փայլուն միջոցառումներով իմիջ ստեղծել, այդուհանդերձ ունեն լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ»,- ընդգծեց Անժելա Էլիբեգովան՝ հավելելով, որ իշխանությունները հանրությունից թաքցնում են աղքատության և գործազրկության իրական մակարդակը, բայց այն շատ բարձր է:
Նա նաև նշեց, որ արտագաղթը նույնպես աճում է և միայն մեկ տարվա ընթացքում մոտ 40 հազար ադրբեջանցի մշտական բնակություն է հաստատել միայն Թուրքիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա