Զարուհի Փոստանջյանը պահանջում է իրեն և իր դստերը ճանաչել տուժող
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը պահանջում է իրեն և իր աղջկան՝ Լիլիթ Դրամփյանին, ճանաչել տուժող, ինչպես ԿԸՀ-ից պահանջում է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ճանաչել անվավեր, իրավապահ մարմիններից` հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ:
Զարուհի Փոստանջյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ընտրությունների նախորդ օրը և ընտրության օրը, իմ և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի կողմից լայնածավալ, կազմակերպված ընտրակեղծարարության մասին ահազանգը և հանցագործության կատարման փաստերի վերաբերյալ հայտարարությունը իրավապահ մարմինների ու ԿԸՀ-ի կողմից մանրակրկիտ քննության առարկա դարձնելու փոխարեն ոչ միայն անտեսվել են, այլև դեռ ավելին` ոստիկանական մեծաթիվ ջոկատի ներկայացուցիչների միջամտությամբ պարտակվել: Ոստիկանության կողմից իմ և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, մեզ ապօրինի զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ու ապօրինի ազատազրկել:
Մեր նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված ապօրինությունները` բռնությունը, ազատ տեղաշարժվելու սահմանափակումը և ապօրինի ազատազրկումը, մեզ մարմնական վնասվածքներ հասցնելը ընտրության օրը` ժամը 13:30-ի սահմաններում, հեռարձակվել է ուղիղ եթեր, որից հետո ավելի ուժգին շարունակվել է ընտրակեղծարարությունը, իսկ ահաբեկված ընտրողները չեն գնացել ընտրատեղամաս, ինչը նաև ազդել է ընտրողների ակտիվ մասնակցության վրա, որի հետևանքով արձանագրվել է ցածր մասնակցություն:
2017 թվականի մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը ես և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետևանքով ստացել ենք մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժ հաստատություն:
Ես հրապարակավ հայտնել եմ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածուի և ՀՀ Աժ պատգամավորի ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, սակայն դեպքից անցել է 7 օր, ոչ ինձ և ոչ էլ Լիլիթ Դրամփյանին տուժող չեն ճանաչել:
2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, որը տեղի է ունեցել հավաստի և պարբերաբար ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիների ուղղորդման, ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների կիրառման մասին ահազանգերով իրավապահ մարմինների կողմից դիտավորյալ անտեսվել է, քանի որ նրանք կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության գործուն մասնակիցն են եղել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներին հետամուտ չի եղել, որն էլ, իր հերթին, նպաստել է զանգվածային կազմակերպված ընտրակեղծարարությանը:
Իրավապահ մարմիններից պահանջում եմ հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը»:
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյանը՝ լրացուցիչ բողոք-պահանջ է ներկայացրել
- Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել. ՀՔԾ
- Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
- Փոստանջյան. Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահների կողմից արձագանք չկա
- Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը չի ստվերի ընտրական ողջ գործընթացը. ԿԸՀ նախագահ
- «Ելք». Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել
- Հիվանդանոցում հաստատվել է Փոստանջյանի դստեր «ուղեղի ցնցում» ախտորոշումը. նեյրովիրաբույժ
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- Ոստիկանություն. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում
- Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների գործողությունների նյութերը ՄԻՊ-ը կուղարկի ոստիկանություն՝ վարույթ սկսելու պահանջով
- Փոստանջյանի դստերը ոստիկանություն տեղափոխող մեքենան ճանապարհին փչացել է