ԵԽԽՎ-ն անհանգստացած է ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների հնարավոր ձերբակալմամբ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախն ու Սեզար Ֆլորին Բրեդան մտահոգություն են հայտնել Ադրբեջանում Լեյլա և Արիֆ Յունուսների գործի զարգացումների հետ կապված։ Դատարանը կարգադրել է Լեյլա և Արիֆ Յունուսներին 2017թ․-ի մայիսի 31-ին անձնապես ներկայանալ Բաքվի վերաքննիչ դատարան,-այս մասին հայտնում է ԵԽԽՎ կայքը։
«Մեր փաստահավաք այցերից մեկից հետո այդ երկիր, մենք ողջունեցինք այն, որ տիկին և պարոն Յունուսների համար լուծում է գտնվել և նրանց թույլատրվել էր հեռանալ Ադրբեջանից՝ մարդասիրական հիմքերով՝ առողջական խնդիրների պատճառով արտերկրում բուժվելու և նրանց դստերը Նիդերլանդերում միանալու համար»,-ասում են Ադրբեջանի համազեկուցողները։
Համազեկուցողները կարծում են, որ դատարանի որոշումը, որը կարող է հանգեցնել նրանց նկատմամբ ձերբակալման միջազգային հրամանի հաստատման, համահունչ չէ նախորդ լուծման հետ, որը հենված էր մարդասիրական հիմքի վրա։ Ստեղծված իրավիճակում նրանց վերադարձը չի դիտարկվում որպես տարբերակ, քանի որ նրանց առողջությունը դեռևս պահանջում է բուժում։
Նշվում է, որ համազեկուցողներն այս հարցին կանդրադառնան 2017թ․-ի հունիսին՝ Ադրբեջան կատարելիք առաջիկա այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2015թ․-ի օգոստոսին Լեյլա Յունուսը Բաքվում դատապարտվել էր 8,5 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության, իբր Հայաստանի լրտես լինելու, ու այլ շինծու մեղադրանքներով։ Արիֆ Յունուսը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Միջազգային կազմակերպությունների ու կառույցների բազում քննադատություններից հետո 2015թ․-ի դեկտեմբերի 9-ին առողջական խնդիրների պատճառով Լեյլա Յունուսն ազատ արձակվեց ու դատարանը կասեցրեց նրա պատիժը։ Արիֆ Յունուսն ազատ էր արձակվել 2015թ․-ի նոյեմբերին։ Ամուսինները Բաքվից մեկնել էին Նիդերլանդեր բուժում ստանալու, որտեղ ապրում ու աշխատում է նրանց դուստրը՝ Դինարան։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում