Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանձնախմբում է կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը
Հունիսի 6-ին մեկնարկելու է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Գնահատող հանձնախմբի նախագահն է ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը։
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, հանձնախմբի կազմում են նաև Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, «Մետրոպոլիտեն» թատրոնի գլխավոր տնօրենի՝ երաժշտական հարցերով տեղակալ Ջոն Ֆիշերը, օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ, Անջելա Գեորգիուի, Էլինա Գարանչայի, Դմիտրի Խվորոստովսկու, Սերգեյ Խաչատրյանի և աշխարհահռչակ այլ երաժիշտների անձնական մենեջեր Մարկ Հիլդրյուն, միջազգային ասպարեզում ճանաչված նյույորքաբնակ դիրիժոր, Ջուլիարդի դպրոցի մանկավարժ, Մանհեթենի երաժշտական դպրոցի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն Ջորջ Պարոդին, երաժշտագետ, Piano Competition for Outstanding Amateurs միջազգային մրցույթի հիմնադիր Ռիչարդ Ռոդզինսկին, հանրահայտ կլարնետահար, մանկավարժ Ջամպիերո Սոբրինոն, «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի մանկավարժ Անդրեյս Ժագարսը։
Պատվավոր հյուրերի թվում են Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան, դաշնակահար, Teatr Wielki/Opera Narodowa-ի վոկալի գլխավոր մասնագետ Աննա Մարչվինսկան, Houston Grand Opera-ի գեղարվեստական ադմինիստրացիայի ղեկավար, Aspen Music Festival and School-ի մանկավարժ Դայան Զոլան, դաշնակահար, Մետրոպոլիտեն օպերայի դիրիժորի օգնական Հովարդ Ուոթքինսը, Midem երաժշտական փառատոնի ավագ ներկայացուցիչ Կորնելիա Մուխը, Արամ Խաչատրյան հիմնադրամի տնօրեն, Ռուսաստանի հայերի միություն Համառուսաստանյան հասարակական կազմակերպության հումանիտար հարցերի համակարգող, ՌԴ-ում ՀՀ դեսպանի մշակութային հարցերով խորհրդական Գագիկ Գաբրիելյանը, օպերային երգչուհի, սոպրանո, օպերային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, վոկալի պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների ժյուրիի անդամ Նոմեդա Կազլաուսը, հանրահայտ բեմադրիչ, մանկավարժ Պաոլո Միչիչեն, գրող, թարգմանիչ, Opera Magazine-ի սյունակագիր, հաղորդավար, դասական երաժշտության մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Ալեք Լասկովսկին:
Խաչատրյանական մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 3 հիմնական փուլերից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Հաշվի առնելով պրոֆեսիոնալ բարձր մակարդակով բազմաթիվ դիմորդների առկայությունը և հավասար բալեր ստացած մասնակիցների մեծ թիվը՝ ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ է անցել 43 մասնակից՝ նախատեսված 40-ի փոխարեն։
43 մասնակիցները ներկայացնում են աշխարհի 13 երկրներ (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Լատվիա, Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Արցախ)։
Մրցույթի առաջին փուլում բոլոր մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
Մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ առաջին մրցանակ՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակ` 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք սահմանելու են մրցույթի գործընկերները:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթն անցկացվում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյանական մրցույթին կմասնակցի 13 երկրի 43 մասնակից
- Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2017-ին կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան