Մոգերինի․ ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ
Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստը, որը, ինչպես նիստի ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, անցել է չափազանց դրական։
Նա նաև նշեց, որ Հայաստանը ԵՄ-ի համար շատ կարևոր գործընկեր է։
«Այսօր քննարկեցինք մեր հարաբերությունների հաջորդ քայլերը։ Մենք աշխատում ենք Հայաստան-ԵՄ hամապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման վրա, որը նախաստորագրվել է այս տարվա մարտին Երևանում։ ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել ու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Մենք արդեն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն ենք, առաջին դոնորն ու բարեփոխումների աջակիցը։ Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը բարեփոխումների գործընթացին, ներառյալ տնտեսական զարգացմանը, բիզնես միջավայրի, դատական, մարդու իրավունքների բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, որոնք շատ կոնկրետ են ու ակտուալ Հայաստանի քաղաքացիների համար»,-ասաց Մոգերինին։
Մոգերինին ընդգծեց, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հարցը։
«ԵՄ-ն կարծում է, որ ստատուս-քվոն անկայուն է և անհրաժեշտ է հակամարտության վաղ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համահունչ։ ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի
խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկներին»,-ասաց Մոգերինին։
Ֆեդերիկա Մոգերինին նշեց, որ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը նաև աջակցել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու կոչ արեց կողմերին ներառվել այս պրոցեսում՝ առանց նախապայմանների։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան