Պատերազմով սպառնացող Ադրբեջանի բանակում լուրջ խնդիրներ կան. Հ. Մելիք-Շահնազարյան
«Պատերազմով սպառնացող Ադրբեջանի զինված ուժերում լուրջ խնդիրներ կան, տասնյակներով սպաների են ձերբակալում, ոչնչացնում առանց դատ ու դատաստանի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով, դա խոսում է իրենց զինված ուժերում բարոյահոգեբանական իրավիճակի, ընդհանրապես պատրաստվածության մասին:
«Սա առիթ է տալիս ենթադրելու, որ նման զինված ուժերով, պրոբլեմներ կուտակած բանակով այս պահին Ադրբեջանը չի կարող պատերազմ վերսկսել որքան էլ իր հետաքրքրությունների շրջանակում լինի, որքան էլ Ալիևին դա պետք լինի ապրիլյան ձախողումները, կորուստները վերականգնելու համար»,- նշեց քաղաքագետը:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին, Հ. Մելիք-Շահնազարյանն ասաց, որ նրանք շեշտադրեցին, որ առաջին հրահրողը Ադրբեջանն է եղել, խոցել է հայկական զինտեխնիկա. «Սա առաջին անգամ չէ, որ Մինսկի խումբը հասցեավորում է Ադրբեջանին: Հիշենք 2015 թվականի հունվարի նախադեպը, երբ Կրակովում Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համանախագահները կոչ արեցին Ադրբեջանին հետևողական լինել ստանձնած պարտավորությունները կատարելու գործում»:
Քաղաքագետի խոսքով, սա արդեն պետք է ներկայացվի որպես օրինաչափություն, ինչը խոսում է այն մասին, որ Մինսկի խումբը որոշել է վերանայել իր դիրքորոշումները, մոտեցումները:
«Պետք է ինչ-որ չափով խրախուսենք, որպեսզի դա հետևողական զարգացում ունենա: Իհարկե, նման կոչերով խնդիր չի լուծվում, բայց հաջորդ քայլը պետք է լինի այն, որ համանախագահները կարողանան համոզել իրենց երկրների ղեկավարներին օգտագործել ողջ ազդեցությունն Ադրբեջանին ռազմատենչ քաղաքականությունից հեռու պահելու համար, հարցը խաղաղ ճանապարհով լուծելու որոշակի լուծումներ առաջարկել»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան