Վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումը ՌԴ-ն իրականացնում է առանց ուշացումների. Այվազյան
Ռուսական 200 միլիոն դոլարի միջպետական վարկի շրջանակներում ՀՀ Զինված ուժերին սպառազինության մատակարարումն իրականացվում է առանց ուշացումների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
«Մատակարարումն իրականացվում է մեր կողմից հաստատված ժամանակացույցով, որևէ ուշացում չկա, հակառակը՝ որոշ զինատեսակներ ժամկետից շուտ են մատակարարվել»,- նշեց Լևոն Այվազյանը:
Նրա խոսքերով՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում ինչպես միջպետական վարկի, այնպես էլ՝ երկկողմ համագործակցության շրջանակներում։
«Դա երկու պետությունների Պաշտպանության նախարարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն է, որը նույնպես ենթադրում է տարբեր սպառազինության տեսակների, ռազմամթերքի ներկրումներ, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցություն, համատեղ ձեռնարկությունների ստեղծում, որոշ ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրություն և այլն»,- նշեց վարչության պետը:
Ըստ Լևոն Այվազյանի՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հատուկ համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն իրականացնել հատուկ պայմաններով։
«Օրինակ՝ ռազմական տեխնիկան ՌԴ-ից կարողանում ենք ձեռք բերել ներքին գներով։ Այսինքն՝ այն գները, որոնք գործում են ռուսական բանակի համար, նույնը գործում են նաև Հայաստանի համար, ինչը մեծ առավելություն է», - ասաց Լևոն Այվազյանը։