Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը երկկողմ հարաբերություններին դրական ոչինչ չտվեց. թուրքագետ
Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ հարաբերությունները մտահոգություն են առաջացնում, քանի որ այդ երկրների համագործակցությունը հասել է մինչև անգամ ռազմական ոլորտ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հիշեցնելով ընթացիկ տարվա աշնանը կայանալիք եռակողմ զորավարժությունների մասին:
«Թուրքիան փորձում է իր քաղաքականությունն ակտիվացնել Հարավային Կովկասում՝ հակառակ նրան, որ նախկինում այդ քայլից խուսափում էր: Թուրքիայի համար ԱՄՆ նոր ղեկավարության հետ հարաբերությունները խիստ կարևոր են, և հենց Միացյալ նահանգների աչքում իր կշիռը բարձրացնելու համար է նա ձգտում ազդեցություն ծավալել տարածաշրջանում»,- նկատեց թուրքագետը:
Ռուբեն Սաֆրաստյանը նաև շեշտեց՝ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած վերջին այցը թուրք-ամերիկյան հարաբերություններին դրական ոչինչ չտվեց: Էրդողան-Թրամփ 20 րոպե տևած հանդիպումը կարելի է համարել ձևական:
Թուրքագետը տեսակետ հայտնեց, որ ընթացիկ տարում Թուրքիայի քաղաքական կյանքում էական փոփոխություններ տեղի չեն ունենա. «Սիրիայում հաստատվել է որոշակի ստատուս-քվո, որը պահպանվում է ռուսական և իրանական ներկայությամբ: Իսկ սա նշանակում է, որ այլ խաղացողների կողմից ստատուս-քվոն փոխելու հնարավորությունները բավական թույլ են»: