ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Հասան Ռոհանիի կառավարությունը շահագրգռված չէ կառուցել Իրան-Ադրբեջան երկաթգիծը
Հասան Ռոհանիի կառավարությունն Իրան-Ադրբեջան երկաթգիծը կառուցելու կարողություն չունի,-իրանական «Ջավան» օրաթերթի փոխանցմամբ հայտարարել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Վալի Դադաշին:
Նշենք, որ 2016 թ. ապրիլին տեղի ունեցավ Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կամրջի հիմնարկեքի արարողությունը: Նախատեսվում է, որ սահմանային Ասթարաչայ գետի վրա պետք է 80 մետրանոց կամուրջ կառուցվի, որը իրանական և ադրբեջանական Ասթարա բնակավայրերը կկապի միմյանց: Ըստ նախագծի՝ Ադրբեջանի տարածքում պետք է կառուցվի 8 կմ երկարությամբ երկաթգիծ, իսկ Իրանի տարածքում՝ 2 կմ հատված:
Իրան-Ադրբեջան երկթագծի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ 80 մետրանոց երկաթուղային կամուրջը, որը դեռ լիարժեք չի գործում: Այն փորձնական կարգով գործարկվել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի՝ 2017 թ. մարտին Իրան կատարած այցի ժամանակ:
Նախօրեին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձել էր երկաթգծի շինարարության:
Այդ համատեքստում բավական ուշագրավ հայտարարություն է արել Իրանի Մեջլիսի պատգամավոր Դադաշին, որն իր դժգոհությունը հայտնելով Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման ընթացքի վերաբերյալ, մասնավորապես ասել է. «Երկաթգծի շահագործումը պետք է տեղի ունենար 2017 թ. մարտին, սակայն վերջնաժամկետից մի քանի ամիս է անցել, դեռ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը ավարտին չի հասցրել: Ընդամենն Իրանի տարածքում պետք է կառուցել 1800 մետր երկարությամբ երկաթուղի, սակայն այդ գործում սրտացավություն չի նկատվում, իսկ դա նշանակում է, որ գործող իշխանությունները շահագրգռված չեն նախագիծն ավարտին հասցնել»:
Հիշեցնենք, որ Իրանի երկաթգծի կազմակերպության գործադիր տնօրեն Մոհսեն Փուրսեյյեդ Աղային 2016 թ. մայիսին «ԻԼՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի շահագործման հավանականությանը, մասնավորապես նշել էր. «Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ճանապարհ գոյություն ունեցել է, սակայն երկու երկրների միջև սկսված ռազմական գործողություններից հետո, բնականաբար ադրբեջանցիները պատրաստ չեն ընդունել այն իրողությունը, որ վերոնշյալ երկաթուղային միջանցքը գործարկվի և այն Հայաստանի տարածքով անցնի»:
«Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի շահագործումը տնտեսապես չափազանց շահութաբեր է, թե հայկական և թե ադրբեջանական կողմը դա ընդունում է: Հայաստանում և Ադրբեջանում մեր գործընկերների հետ ունեցած բարեկամական հանդիպումների ժամանակ մենք այդ հարցը քննարկել ենք, սակայն կողմերը հաստատակամ են իրենց դիրքորոշումներում»,-նշել էր Իրանի երկաթգծի կազմակերպության գործադիր տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան