ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսում է ավելի օբյեկտիվ գնահատել իրավիճակը. թուրքագետ
ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես սկսում է ավելի օբյեկտիվ գնահատել իրավիճակը՝ թիրախավորելով հրադադարի ռեժիմը մշտապես խախտող Ադրբեջանին: Սա հայկական դիվանագիտության ձեռքբերումն է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի վերջին հայտարարությանը:
«Սա դրական զարգացում է, որ ավելի պետք է խորացնել, որքան էլ Ադրբեջանը համառորեն շարունակի իր սադրիչ գործողությունները և փորձի ճնշումներ բանեցնել բանակցային գործընթացի վրա»,- ասաց նա:
Թուրքագետը դժվարացավ կանխատեսել՝ արդյոք մոտ ապագայում լայնածավալ պատերազմ կսկսվի, թե ոչ: Ալիևյան կլանը, ըստ Սաֆրաստյանի, առայժմ քիչ թե շատ կարողանում է հսկողության տակ պահել իրավիճակը և պատերազմի մասին կհայտարարի, երբ իր իսկ իշխանությանը վտանգ սպառնա:
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ադրբեջանում որոշակի գործընթացներ են գնում»,- կարծիք հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներում Իրանի դերակատարությանը՝ բանախոսը կարծիք հայտնեց՝ Իրանը և Իրանի քաղաքացիները ցույց տվեցին, որ ընտրություններին պատրաստ են ձայն տալ առավել լիբերալ թեկնածուին:
«Այս երկիրը բավական հավասարակշիռ քաղաքականություն է իրականացնում»,-եզրափակեց թուրքագետը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի հանդուրժում Ադրբեջանի լկտի պահվածքը. Դավիթ Բաբայան
- Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ համանախագահներին անվանական մատնանշել նախահարձակ կողմին. Նալբանդյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն առանձնապես ոգևորիչ չէ. քաղաքագետ