Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ. Վարչապետ
«Ներկայացրեք կոնցեպցիա՝ ընդհանրապես դեպի ուր ենք շարժվելու կինոարտադրության մեջ, բայց յուրաքանչյուր առաջարկի տակ պետք է դնեք տրամաբանություն՝ ժամանակացույցով, ֆինանսական գնահատականով, հիմնավորումներով», - այս մասին նշել է ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարություն կատարած աշխատանքային այցի ընթացքում։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը ներկայացրել է նախարարության 2017 թ. գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքը, ապա խոսքը փոխանցել իր տեղակալներին, ովքեր էլ զեկուցել են ըստ իրենց ոլորտների տարվող աշխատանքների մասին: Նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանում կինոարտադրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները՝ կինոարտադրության կառավարման ժամանակակից մոդելի իրավական հիմքերի ապահովում, ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրում, «Շրջիկ կինոթատրոն» ծրագրի և մարզային կինոթատրոնների ցանցի ստեղծման ծրագրի իրականացում և այլն:
: «Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Պետք է գույքագրել, թե որտեղ կարող ենք որոշակի ծրագրեր նախատեսել, որոնք ներդրումներ են պահանջում: Մեկ ամիս հետո մենք պետք է ունենանք մոտավոր գնահատական՝ որտեղ ինչ ներդրումներ են պետք, որոնք կարող են այս կամ այն մշակութային օբյեկտի նկատմամբ որոշակի հետաքրքրություն առաջացնել», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով ներկայացնել համապատասխան ծրագիր: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև մշակույթի նախարարության և մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների միջև համակարգված աշխատանքը՝ մշակութային ժառանգության պահպանության առումով:
«Մենք պետք է ունենանք ծրագիր, թե ինչպես երեխաների մշակութային ժամանցն ապահովենք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան արվեստի հետ շփվելու, թանգարան մտնելու, մի անգամ օպերա լսելու, ֆիլմ նայելու և այլն», - ընդգծել է վարչապետը: