Հայաստանը կարող է կամուրջ դառնալ իրանցի և ԵՏՄ անդամ մյուս երկրների գործարարների միջև. Իգնատի Առաքելյան
«Մենք կարևորում ենք գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը և պատրաստ ենք քննարկել դրան նպաստող ամենատարբեր առաջարկություններ»,- այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունելով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի գլխավորած պատվիրակությանը:
ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իգնատի Առաքելյանը նշել է. «Կարևոր եմ համարում երկու երկրների գործարարներին ներկայացնել գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի այն ճյուղերը, որոնք գրավիչ են առևտրատնտեսական կապերի զարգացման, ներդրումների համար: Առանձնակի ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքին, որով պայմանավորված իրանական կողմը հնարավորություն կունենա արտահանել Հայաստանի տարածքով իրանական գյուղատնտեսական ապրանքները դեպի ԵՏՄ շուկա»։
Իգնատի Առաքելյանի խոսքով` գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ռեալ հնարավորություններ կան բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում. «Հայաստանը կարող է կամուրջ դառնալ իրանցի և ԵՏՄ անդամ մյուս երկրների գործարարների միջև և ապրանքների արտահանման, և ներմուծման առումով: Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել համատեղ ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև իրանական կիսաֆաբրիկատները Հայաստանում վերջնական տեսքի բերելու և արտահանելու համար: Կարծում եմ, սրանք այն ոլորտներն են, որտեղ պետք է մեխանիզմներ մշակել երկու երկրների բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև համագործակցությունն առավել սերտացնելու և զարգացնելու համար»:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման արդյունքներով` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հարցերով:
Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին», որով կկարգավորվի բույսերի պաշտպանության, բույսերի և բուսական արտադրանքին առնչվող վնասակար օրգանիզմների վերահսկման բնագավառը, երկրների տարածք ներթափանցման և տարածման վերահսկումն ու կանխարգելումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները