Հայաստանում մելանոմայի միտումների աճ կա. Միքայել Սահակյան
Մայիսը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի ամիս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը ներկայացրեց մաշկի մելանոմա հիվանդությունը, դրա միտումներն ու վիճակագրական տվյալները:
«Մելանոման մաշկի գույն արտադրող պեգմենտների՝ մելանոցիդների ուռուցքային պրոցես է: Այդ բջիջները բացի մաշկից, կարող են տեղակայված լինել նաև լորձաթաղանթների, բերանի խոռոչի, միզասեռական համակարգում, հատկապես արգանդում, բարակ աղիներում, աչքի ցանցաթաղանթում, բբի մեջ: Սա բավականին տհաճ, մեծ մասամբ առանց կլինիկական ընթացքի ծանր հիվանդություն է, որը առաջին փուլում, վաղ ախտորոշման դեպքում, բարեբախտաբար, կարող է բուժվել 95-98 տոկոսով»,- ասաց Միքայել Սահակյանը:
Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին՝ մասնագետը նշեց, որ ԱՀԿ տվյալներով, ամբողջ աշխարհում ախտորոշվում են տարեկան 200 հազար մելանոմայով հիվանդների նոր դեպքեր, իսկ մահացության դեպքերը հասնում է 65 հազարի. «Հայաստանյան տվյալներով միտումը բավականին աճել է: 2005 թվականին արձանագրվել է 361 դեպք, 2010-ին՝ շուրջ 400, իսկ 2016-ին՝ 502: Սրանք բավականին ահազանգող տվյալներ են»:
Միքայել Սահակյանն ասաց, որ խալերի 30 տոկոսն է, որ դառնում են մելանոմա, մելանոմայի համար բացարձակ պարտադիր չէ մաշկի վրա խալի առկայությունը, այն կարող է առաջանալ ուղղակի մաքուր մաշկի վրա:
«Ամենաառաջին ռիսկի գործոնը մելանոմայի առաջացման ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, մաշկի, մազերի ու աչքերի բաց գույն ունեցող մարդիկ ավելի են վտանգված են, ավելի խոցելի են հիսունից բարձր տարիքի մարդիկ: Սոլիարիները 70 տոկոսով բարձրացնում են մելանոմայի վտանգը»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով մայիսի 20-ին ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնի» իրականացրած մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման ակցիային, կենտրոնի տնօրենը հայտնեց, որ այդ օրը հետազոտման են եկել ընդամենը 18 հոգի:
«Միգուցե օրվա մասին անտեղյակությունն էր կամ ուղղակի անտարբերությունը, որ հետազոտման այդքան քիչ եկան: 18-ից 7-ին կատարվել է ամենաժամանակակից հետազոտությունը՝ դերմոտոսկոպիա, որը թույլ է տալիս մաշկ, ենթամաշկ ընթացող պրոցեսները տեսնել: 7-ից 1-ի մոտ մելանովտանգ վիճակ է հայտնաբերվել և խորհուրդ է տրվել դիմել ազգային ուռուցքաբանության ինստիտուտ»,-ասաց Սահակյանը:
Հանդիպմանը ներկա ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանն էլ խոսելով մելանոմայի առաջին նշաններից, ավելացրեց. «Նշաններից են խալի սիմետրիան, երբ մի հատվածը տարբերվում է մյուսից, եզրերի անհամաչափությունն ու գույնը, 6 մմ-ից բարձր լինելը, փորանալը, թեփոտելը, քոր գալը: Այս նախանշանները ահազանգ են, սրանց դեպքում պետք դիմել բժշկի»:
Մասնագետները ամռանն ընդառաջ խորհուրդ տվեցին արևի ուղիղ ճառագայթների տակ չգտնվել, ծովափնյա հանգստի ժամանակ օգտագործել արևապաշտպան մածուկներ, լողալ մինչև ժամը 10-ը կամ 16-ից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Երկու օր անվճար խորհրդատվության հնարավորություն՝ Մելանոմայի վաղ ախտորոշման ու կանխարգելման օրերի շրջանակում
- Հայաստանը միացել է մելանոմայի դեմ պայքարի միամսյակին