ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի աշակերտների հերթական խմբին
Իրազեկվածությունը և գործնական գիտելիքները կարևոր են մասնագիտական կողմնորոշման և զարգացման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կիսում է իր փորձը հեռահաղորդակցության ոլորտով, ընկերության կառավարման մշակույթով հետաքրքրվող երիտասարդների հետ, որոնք ցանկանում են պատկերացում կազմել ոլորտին առնչվող մասնագիտությունների վերաբերյալ:
Ընկերությունից հայտնում են, Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորողների հերթական խումբն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակ: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դասախոսության և նրա հետ հարցուպատասխանի արդյունքում՝ երիտասարդները ծանոթացել են հետաքրքրող թեմաներին: Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անցած ուղին, ինչպես նաև՝ երկրի հեռահաղորդակցության ոլորտում ընկերության արձանագրած հաջողություններն ու նվաճումները: Կազմակերպվել է նաև շրջայց՝ տարբեր վարչություններում: Ինտերակտիվ շփման միջոցով՝ «Արեգնազանի» սաները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, առավել հստակ պատկերացում կազմել բիզնես ոլորտի ամենօրյա գործառույթների և կորպորատիվ պատասխանատվության մասին:
«Մասնագիտական կողմնորոշումը նույնքան կարևոր է, որքան գիտելիքների ձեռքբերումը, ընդ որում՝ երիտասարդ տարիքից: Նման հանդիպումներն աշակերտներին հնարավորություն են տալիս գործնական և անմիջական շփման ճանապարհով բացահայտելու իրենց մասնագիտական նախընտրությունները՝ ապագայում մասնագիտական հաջողված ուղի կերտելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994 թ.-ից և Հայաստանի առաջին ու միակ վալդորֆյան դպրոցն է: Վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքը ներդաշնակ զարգացումն է: