«Սասնա ծռերի» անդամ Ա. Լամբարյանին դատարան չէին ներկայացրել
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին , նախագահությամբ դատավոր Մ. Մելքոնյանի, պետք է կայանար Արմեն Լամբարյանի բողոքի քննությունը՝ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելիք վերացման մասին: Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ չէր ապահովվել Ա. Լամբարյանի ներկայությունը: Այս մասին նշված է Արմեն Լամբարյանի պաշտպանի՝ Արայիկ Պապիկյանի հայտարարության մեջ:
«Դատավորը հայտնեց, որ նիստից 15 րոպե առաջ ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը դատարան գրություն է բերել և հայտնել, որ իրենք չեն կարող ապահովել Լամբարյանի ներկայությունը, քանի որ նրա գործը մայիսի 15-ից գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
Հայտարարում եմ՝
1. ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը նիստից միայն 15 րոպե առաջ Լամբարյանի վերաբերյալ գրությունը դատարան բերելով չարաշահել է իր լիազորությունները, դիտավորությամբ խոչընդոտ է ստեղծել դատական քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու առումով: Նա պարտավոր էր դատարան ներկայացված գրությունը առնվազն 2017 թ. մայիսի 15-ին ներկայացներ, որը սակայն չի կատարել:
Ի դեպ՝ Էդ. Հակոբյանը նիստին ներկա չէր:
2. Նիստը նախագահող դատավորը թեև առերևույթ նիստից 15 րոպե առաջ էր տեղեկացել Լամբարյանի դատարան ներկայացնելու անհնարինության մասին, սակայն պարտավոր էր առնվազն 2017 թ. մայիս 16-ից տեղյակ լինել, որ Լամբարյանի գործը գտնվում է այլ մարմնի վարույթում: Այս հանրահայտ փաստը տարածվել է և՛ պաշտոնական հաղորդագրություններով, և՛ լրատվության միջոցներով: Ինչպես նախորդ նիստի երկար ժամկետով հետաձգման, այնպես էլ այսօրվա նիստի անորոշ ժամկետով հետաձգման փաստով ակնհայտ է, որ դատարանը ևս կոպտորեն խախտում է դատական քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու իր պարտականությունը, իսկ Արմեն Լամբարյանի նիստին ներկայությունն ապահովելու առումով ցուցաբերել է անգործություն և անտարբերություն:
3. Նիստի օրը՝ մայիսի 23-ին առավոտյան ցանկանում էի Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում տեսակցել Ա. Լամբարյանին և նրա հետ նախապատրաստվել դատական նիստին: Ժամը 10:00-ի սահմաններում ՔԿՀ-ում բյուրոկրատական և արհեստական քաշքշուկների պատճառով ես չկարողացա նրա հետ հանդիպել և առանձնազրույց ունենալ: Հաշվի առնելով հետագա իրադարձությունները, գտնում եմ, որ ՔԿՀ-ում իմ և Ա. Լամբարյանի այսօրվա տեսակցության փաստացի արգելքը նախապես պլանավորված էր և հանդիսանում է փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտ:
Թեև առանձնապես ակնկալիք չունեմ, սակայն ենթադրում եմ, որ ՀՀ դատախազությունը, Արդարադատության խորհուրդը, Արդարադատության նախարարությունը ուշադրություն կդարձնեն սույն հայտարարությանը»,- նշված է փաստաբանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Արմեն Լամբարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1֊ին ու 2֊րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին