Լևոն Մկրտչյանը՝ օլիմպիադայի հաղթողներին
«Ձեր այս հաջողությունները պետք է լուրջ հիմք լինեն՝ ձեր ապագան կերտելու համար»,- այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում 2016-17 ուսումնական տարվա Հայաստանի և Արցախի դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը՝ շնորհավորելով հաղթողներին։
Կարևորելով դպրոցական օլիմպիադաները՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դրանց գաղափարախոսությունը երկու կարևոր սկզբունք է իր մեջ ներառում. «Առաջինը՝ ձեր մասնագիտական հակումներին համարժեք դուք եք ընտրում ձեր ճանապարհը, որով գնում եք մրցույթների, ինչը նաև նախանշում է ձեր մասնագիտական ուղղվածությունը։ Երկրորդը՝ կարողանում եք նաև ցույց տալ, թե դպրոցում ստացած գիտելիքը որքանով է ձեզ համար կիրառելի։ Մենք ունենք անընդհատ զարգացող պետություն, այդ պետության բախտը ձեր ձեռքում է լինելու, ինչ հաջողություններ ունենք պետք է շարունակեք, ինչ բացասական երևույթներ կան դրանք պիտի թողնենք անցյալում։ Դուք շատ մեծ առաքելություն ունեք, ինչ մասնագիտություն էլ ունենաք, սա միշտ պիտի հիշեք»։
Ստեփանակերտի թիվ 3 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիաննա Աղաբեկյան առաջին կարգի դիպլոմի է արժանացել «Ռուսաց լեզու» առարկայից։ Panorama.am-ի հետ զրույցում Մարիաննան պատմեց, որ բացի սրանից նաև մասնակցել է գերմաներենի օլիմպիադային և զբաղեցրել երրորդ տեղը. «Լեզուներ շատ եմ սիրում։ Մասնագիտական կրթությունս էլ կշարունակեմ այդ ուղղությամբ։ Ուզում եմ ընդունվել Ստեփանակերտի պետական համալսարան»։
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Պետրոս Սիրականյանն էլ առաջին տեղ է զբաղեցրել «Գերմաներեն լեզու» առարկայից. «Գերմանիան շատ եմ սիրում եմ, դրա համար էլ այս առարկան եմ ընտրել։ Դեռ չեմ որոշել ինչ մասնագիտություն կընտրեմ»։
Արցախի Մարտունի շրջանի Ճարտարի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արիանա Սարգսյանը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հաղթողն է։ Նա պատմեց, որ երրորդ տարին է արդեն մասնակցում օլիմպիադաների, նախորդ երկու տարիներին երրորդ կարգի դիպլոմի եմ արժանացել։
Արցախցի ևս մեկ աշակերտուհի՝ 11-րդ դասարանցի Արգինե Սարգսյանը, ով ներկայացնում էր Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցը, առաջին տեղ էր զբաղեցրել պատմության օլիմպիադայում։
Այս տարի 16 առարկաներից հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների են արժանացել 62 աշակերտ, երկրորդ կարգի` 120, իսկ երրորդ` 156 աշակերտ:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը
- Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ
- Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում
- Միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանն արդեն 6 մեդալ ունի
- Դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները