Կենտրոնական բանկը քննարկում է նոր տիպի դրամների ներդրման հարցը. Մհեր Աբրահամյան
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու մասին հայտարարություններն այնքան հեռու են իրականությունից, որ սկսել ենք դրանց հումորով վերաբերվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ այդ հրապարակումները իրականության հետ որևէ կապ չունեն: «Այդ մասին բազմիցս հայտարարվել է ինչպես ԵԱՏՄ հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Կենտրոնական բանկերի ղեկավարների մակարդակով, որ միասնական արժույթի անցնելու հարց չկա: Մենք ունենք հարթակ, որտեղ ԵԱՏՄ կենտրոնական բանկերը նույնպես պարբերաբար քննարկումներ են անցկացնում, այնտեղ նույնպես Միության անդամ երկրների ԿԲ ղեկավարների մակարդակով բոլորը համակարծիք են, որ օրակարգում նման հարց չկա և չի կարող լինել»,- նշեց Մհեր Աբրահամյանը:
Ըստ նրա ՝ առաջիկա 10-15 տարվա ընթացքում միասնական արժույթի անցնելու մասին քննարկումներ անցկացնելն անիմաստ է:
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետն ասաց, որ ներկայումս Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում է Հայաստանում ներդնել նոր տիպի դրամներ: «Այսինքն՝ եղած հայկական թղթադրամները փոխարինել նոր տիպի դրամանիշերով: Օրինակ՝ թղթադրամից անցում կատարել պլաստիկ կամ հիբրիդային դրամանիշերի: Եթե կա միասնական արժույթի հարց, ապա ինչո՞ւ մենք պետք է քննարկենք հայկական դրամները նոր տիպի դրամանիշերով փոխարինելու հարցը»,- ասաց Մհեր Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ այդ դրամանիշերի պաշտպանիչ հատկանիշները շատ ավելի բարձր են, քան ներկայիս թղթադրամների, բացի այդ, դրանք ավելի երկար են պահպանվում:
Մհեր Աբրահամյանի փոխանցմամբ՝ եվրոպական մի շարք երկրներում արդեն իսկ ներդրվել է հիբրիդային դրամների համակարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին