Քաղաքապետ. Շուշիում տարեցտարի բնակչությունն ավելանում է
«1992 թվականին մենք ժառանգել էինք ավերված, ռմբակոծված, հոշոտված Շուշի և պատերազմի ծանր փորձություններով անցած Արցախի առաջ խնդիր էր դրվել վերականգնել ու նոր շունչ տալ բերդաքաղաքին»: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել:
Խոսելով քաղաքում հաստատված բնակչության թվի մասին՝ քաղաքապետը նշել է, որ ներկայումս Շուշիում ապրում է ավելի քան 5000 մարդ. ուրախալին այն է, որ տարեցտարի բնակչության թվի աճ է գրանցվում:
«Շատերն են ցանկանում հաստատվել Շուշիում, սակայն 2008 թվականից բնակֆոնդ չունենք: Ազատ տներ կան, որոնց տերերը վաղուց քաղաքում չեն ապրում և, հնարավորության դեպքում, կարելի է այդ տները ձեռք բերել ու տրամադրել այն մարդկանց, ովքեր ապրում են Շուշիում և բնակարանների կարիք ունեն,-հավելել է Ա. Սարգսյանը, ավելացնելով, որ մեծ ուշադրություն է դարձվում եղած բնակֆոնդի պահպանմանը:
Նրա ներկայացմամբ, անցած 4 տարիների ընթացքում Շուշիի բարձրահարկ շենքերի տանիքները հիմանականում վերանորոգվել են: Նախատեսվում է նաև բազմաբնակարան շենքերի, մուտքերի, բակերի բարեկարգում, երեխաների համար նոր խաղահրապարակների կառուցում: Նիկոլ Դուման փողոցից մինչև հայտնի «Ջդրդուզ» կոչվող հատվածում պետական ֆինանսավորմամբ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Քաղաքապետի խոսքով, Շուշիում նոր շենքեր կառուցելու ժամանակ օգտագործվում են միմիայն տեղական շինանյութերը՝ պահպանելով Շուշիի ճարտարապետական հին տեսքն ու կոլորիտը: Կատարված և կատարվող աշխատանքներն, ըստ քաղաքապետի, ամբողջովին կփոխեն Շուշիի դիմագիծը՝ դարձնելով այն և´ ավանդական, և´ ժամանակակից:
Ա. Սարգսյանը նշել է, որ Շուշի քաղաքում նոր աշխուժություն են առաջացրել վերջին տարիներին բացված նոր բուհերը՝ Հայաստանի ազգային ագրարային համալասարանի Շուշիի մասնաճյուղը, Տեխնոլոգիական համալսարանը և Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը:
Քաղաքապետի խոսքով՝ Շուշին վերականգնելու և քաղաքային շունչը կրկին վերադարձնելու համար պետական ու բարեգործական միջոցներով մեծ աշխատանք է տարվում, ինչը շատ կարևոր է՝ քաղաքային միջավայրի ստեղծման և այն գրավիչ դարձնելու առումով: Սեպտեմբերին շահագործման կհանձնվի 150 տեղանոց, ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր մանկապարտեզը:
Անդրադառնալով շուշեցիների զբաղվածությանը՝ քաղաքապետն ասել է, որ Շուշիում դեռևս մեծ արտադրամասեր չկան. գործում է միայն «Ղարաբաղ կարպետ» ընկերության մասնաճյուղը, որտեղ աշխատում են շուրջ 40 կանայք:
«Շուշեցիների հիմնական մասն ընդգրկված են պետական հիմնարկներում կամ բերդաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Ստեփանակերտում, որի հետ կանոնավոր տրանսպորտային կապ է գործում: Քաղաքապետի հավաստմամբ՝ այդ պատճառով Շուշիում գործազուրկերի թիվը մեծ չէ»,-ընդգծել է քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարվում
- Ստեփանակերտ-Շուշի. Զրույցներ պատերազմի,հաղթանակի ու խաղաղության մասին
- Շուշին այսօր՝ քաղաքը սեղանի շուրջ