Ռոստոմյան. Հայ մրցավարների ներկայությունը կբացառի կողմնակալ վերաբերմունքը հայաստանցի մարզիկների նկատմամբ
Անհրաժեշտ է ապահովել հնարավորինս մեծ թվով հայ մրցավարների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, ինչու ոչ՝ նաև օլիմպիական խաղերին: Ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարների հետ հանդիպմանն ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, Հայաստանի Հանարապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը:
«Անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ռոստոմյանի խոսքերով, հայ մրցավարների ներկայությունը միջազգային մրցահարթակներում հնարավորություն կտա բացառելու մարզական կողմնակալ վերաբերմունքը մեր երկիրը ներկայացնող մարզիկների նկատմամբ և կողմնակալ որոշումները:
«Հենց այդ նպատակով պետք է ունենալ միջազգային կարգի ավելի շատ լիցենզավորված մրցավարներ: Վստահ եմ՝ ակտիվ համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ այս ուղղությամբ տալու է իր դրական արդյունքը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: