Փաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աշխարհի ռեկորդներ են սահմանել
Հայաստանի փաուերլիֆտինգի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 17-22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում մասնակցել են մարզաձևի Եվրոպայի առաջնությանը: Հայ մարզիկները մի քանի ռեկորդ են սահմանել և նվաճել տարբեր հարգի մեդալներ: Հայաստանի հավաքականները հանդես են եկել երեք մրցաձևում` ուժային եռամարտ, սեղմում պառկած և ձգում վարժություններում: Այս մասին կարդում ենք ՀԱՕԿ-ում։
Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հովհաննես Անտոնյանը (աշխարհի ռեկորդ), Կամո Բաղդասարյանը (աշխարհի ռեկորդ), Անդրանիկ Ասատրյանը (աշխարհի ռեկորդ), Հովհաննես Յազիչյանը (բացարձակ հաղթող սեղմում պառկած դիրքից 1-ին տեղ), Գոռ Խաչատրյանը (սեղմում պառկած դիրքից բացարձակ հաշվարկում 2-րդ տեղ), Սարգիս Ստամբուլցյանը (ուժային եռամարտում բացարձակ հաշվարկում 3-րդ տեղ), Էրիկ Լևոնյանը, Հակոբ Հակոբյանը, Վիլյամ Սարոյանը, Յուրի Մայիլյանը, Կարեն Առաքելյանը, Նվեր Ղարիբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դավիթ Ասոյանը, Հայկ Բարսամյանը: Արծաթե մեդալի են արժանացել Արարատ Լոռեցյանը և Գագիկ Սարոյանը:
Կանանց մրցաշարի ձգում վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Ալվարդ Մանուկյանը (ձգում վարժությունում բացարձակ հաշվարկով 3-րդ տեղ):
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով միայն Ուկրաինայի ընտրանուն:
Լուսանկարը` Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի