«Դեբյուտ» փառատոնին կհնչեն երիտասարդ կոմպոզիտորների ավելի քան երեք տասնյակ կամերային ստեղծագործություններ
Այսօր Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կմեկնարկի «Դեբյուտ» խորագիրը կրող երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, փառատոնի ընթացքում կկայանա 4 համերգ. կհնչեն երիտասարդ կոմպոզիտորների ավելի քան երեք տասնյակ կամերային ստեղծագործություններ։
Փառատոնը կմեկնարկի ժամանակակից ձայնի նվագախմբի համերգով` տարբեր երաժիշտներից կազմված /փոփոխական կազմով/ էլեկտրոակուստիկ փորձարարական անսամբլը գործում է իմպրովիզացիոն երաժշտական ձևում՝ օգտագործելով բազմապիսի երաժշտական գործիքներ, իրեր, էլեկտրոնիկա։
Մայիսի 31-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կկայանա փառատոնի երկրորդ համերգը. երեկոյի ընթացքում կհնչեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի ավան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթի հաղթողների ստեղծագործությունները։
Հունիսի 21-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա երրորդ համերգը։
Փառատոնը կեզրափակվի սեպտեմբերին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. երկու համերգային երեկոների ընթացքում կհնչեն երկու տասնյակ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Փառատոնի ընթացքում կկատարվեն ոչ միայն հայաստանաբնակ, այլև` արտերկրում բնակվող երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործութունները։ Փառատոնի նպատակն է մեկ գաղափարի շուրջ համախմբել հայ երիտասարդ ստեղծագործողներին՝ հնարավորություն տալով ներկայացնելու սեփական ստեղծագործություններն ու հաղորդակից լինելու միմյանց հետ։
Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։