Օրվա ընթացքում անհարաժեշտ է օգտագործել սննդամթերք բոլոր խմբերից ու շատ քայլել. ԱՆ խորհուրդները
Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%):
Առողջապահության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի բնակչության շրջանում նշված հիվանդությունների ռիսկի գործոնները պարզելու նպատակով 2015 թվականից առաջին անգամ իրականացվում է ռիսկի գործոնների ուսումնասիրություն՝ ըստ առանձին հիվանդությունների: Արդյունքում՝ մեր բնակչության համար շաքարային դիաբետի առավել տարածված ռիսկի գործոններն են հանդիսացել ավելորդ քաշը և ճարպակալումը (87.3%), անբավարար ֆիզիկական ակտիվությունը (46), սրտամկանի սուր ինֆարկտինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (34.7%, ընդ որում` տղամարդկանց շրջանում՝ 66.7%), ծխախոտի օգտագործումը (30.7%), ֆիզիկական ցածր ակտիվությունը (24%), կրծքագեղձի քաղցկեղինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (49), ցածր ֆիզիկական ակտիվությունը (35.7 %), ժառանգական նախատրամադրվածությունը (21.4%):
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուսումնասիրության արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ առողջության հիմնական գրավականն առողջ ապրելակերպն է։ Նշված հիվանդությունների առավել տարածված ռիսկի գործոնների՝ ավելորդ քաշի և ճարպակալման, ցածր ֆիզիկական ակտիվության կանխարգելումը կարող է շատ-շատերին ապահովագրել վտանգավոր այդ հիվանդություններից։
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպն է։ Այն իր մեջ ներառում է.
առողջ սնուցում
ֆիզիկական ակտիվություն
վնասակար սովորություններից հրաժարում` չծխել, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը։
Ի՞նչ է առողջ սնուցումը։
Սնունդը պետք է լինի բազմազան: Օրվա ընթացքում անհարաժեշտ է օգտագործել սննդամթերք բոլոր խմբերից` միրգ, բանջարեղեն, հատիկավորներ, լոբազգիներ, կաթնամթերք, մսամթերք։
միրգը և բանջարեղենը պետք է լինի բազմազան՝ նախապատվությունը տալով թարմ և տեղական ծագման մթերքին (օրական ոչ պակաս 400գ)
սահմանափակել աղի, ճարպոտ սննդի, աղի և շաքարի օգտագործումը։
Առողջ կենսակերպը հասանելի է բոլորին։
Ֆիզիկական վարժություններն օգնում են խուսփել ավելորդ քաշի և ճարպակալման առաջացումից, ինչն էլ իր հերթին կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել շատ պարզ՝
շատ քայլել
առավոտյան մարմնամարզություն կատարել
5-17 տարեկան անձանց խորհուրդ է տրվում օրական առնվազն 60 րոպե մարզվել
18-64 տարեկան անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում
65 և բարձր տարիքային խմբի անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում։
ԱՆ-ից նշում են նաև՝ մասնագետները մնում են այն կարծիքին, որ ամենից մեծ չարիքը ծխելը և ալկոհոլի չարաշահումն են, որոնցից օր առաջ հրաժարումը կնպաստի առողջության վերականգնմանն ու պահպանմանը։