Լարված ընթացք ունեցած պարտիայում Արամ Հակոբյանը հաղթել է իր մրցակցին
Հանգստյան օրից հետո Կիրիշիում տեղի է ունեցել «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 6-րդ տուրը: Տուրի բոլոր պարտիաներն ունեցել են հաղթական ավարտ:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում առաջատարներից երկուսը՝ Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը, մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիայում Արամ Հակոբյանը հաղթել է իր մրցակցին: Մրցաշարում Հայաստանի մյուս մասնակիցը՝ Շանթ Սարգսյանը, պարտություն է կրել Պաուլուս Պուլտինյավիչյուսից: Տուրում հաղթանակներ են տոնել նաև Կիրիլ Շուբինը, Կաասեն Տոր Ֆրեդրիկը և Լամպրոս Գյանոուլակիսը:
Խաղացված 6 տուրից հետո Արամ Հակոբյանը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: 2 շախմատիստ՝ Կիրիլ Շուբինը և Կաասեն Տոր Ֆրեդրիկը, առաջատարներից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և կիսում է 5-րդ հորիզոնականը:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում մեր երկու շախմատիստները կմրցեն միմյանց դեմ: