
Գայանե Սողոմոնյանը ՀՀԿ անդամությունը ակտիվացնելու դիմում չի ներկայացրել. Ռուբեն Թադևոսյան
ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից այս պահի դրությամբ կուսակցական անդամությունն ակտիվացնելու վերաբերյալ դիմում չի ստացել։ Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Մենք նմանատիպ դիմում, տեղեկատվություն տիկին Սողոմոնյանից չենք ստացել։ Կուսակցության կանոնադրությունը հստակ կարգավորում է այս հարցերը։ Եթե կուսակցության անդամակցությունը կասեցված է, ապա պետք է տվյալ անձի կողմից լինի դիմում։ Դիմումը պետք է քնննարկվի, որպեսզի անձը վերականգնվի կամ հեռացվի ՀՀԿ շարքերից»,- ասաց մեր զրուցակիցը։
Հ.Գ.Գայանե Սողոմոնյանի հետ խոսել Panorama.am-ի թղթակցին այդպես էլ չհաջողվեց։ Սկզբում նա չէր պատասխանում հեռախոսազանգերին, իսկ այնուհետև անհասանելի դարձավ։
Հիշեցնենք, որ Գայանե Սողոմոնյանը ՀՀԿ-ի անդամությունը կասեցրել էր այն բանից հետո, երբ ամուսինը՝ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո հայտարարել էր նրա կողքին կանգնելու մասին։