Քաղաքացու անձնագրային տվյալների հրապարակումը քրեական խմբերի համար լավ հնարավորություն է. մեդիափորձագետ
Երբ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը պաշտոնական գրությամբ դիմել է ԿԸՀ-ին՝ պարզաբանելու՝ որքանով է իրավաչափ ԱԺ ընտրություններից հետո քաղաքացիների անձնագրային տվյալների հրապարակումը, ԿԸՀ-ից պատասխանել են, որ լիովին իրավաչափ է, օրենքի սահմաններում։ Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը։
«Մենք, իհարկե, այս ամենով չենք բավարարվել, որովհետև անհրաժեշտ էր լիազոր մարմնի դիրքորոշումը, թե որքանով է իրավաչափ ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալների հրապարակումը։ Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթով հստակ սահմանվում է, որ ընտրողների ստորագրված ցուցակները պետք է պարունակեն անուն-ազգանուն, հաշվառման հասցե և ստորագրություն։ Թվարկված պահանջների մեջ անձնագրային տվյալներն առկա չեն։ Հետևաբար, օրենքը չի պահանջում անձնագրային տվյալներ։ Սրանով հանդերձ, տվյալների հրապարակումը չի դիտվում իրավաչափ»,- պարզաբանեց բանախոսը։
Քննարկմանը ներկա մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նկատեց, որ տարիներ շարունակ ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական տվյալները հասանելի են ԿԸՀ-ի և ոստիկանության կայքերում։
«Իհարկե, անձնական տվյալների հրապարակումից դժգոհ անձինք կարող են գնալ և փոխել այն։ Բայց մինչ այդ՝ սա հիանալի հնարավորություն է քրեական խմբերի համար՝ տարբեր գործարքների համար կեղծելու մարդկանց անձնական տվյալները»,-հավելեց բանախոսը՝ նշելով, որ պետք է զերծ մնալ գոնե քվեարկած անձնաց ստորագրությունների հրապարակումից։
Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ անձնագրային տվյալների հրապարակումները տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից օրենքին չտիրապետելու արդյունք է։
«Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրողների ցուցակներում պետք է լինի սյունյակ անձնագրային տվյալների, բայց այն պետք է լրացվի միայն մեկ դեպքում. եթե չկա էլեկտրոնային գրանցման սարք։ Հակառակ դեպքում, սյունյակը պետք է դատարկ թողնվի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ընտրողների անձնագրային տվյալների հրապարակումը հակասում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջներին»
- Yandex-ի երևանյան քարտեզներում այլևս չեն երևա մարդկանց անձնական տվյալները
- ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դարձել է GPEN-ի անդամ
- Իսկ ով է ասել, թե թաքնվածը արդարացված է
- Ո՞ր դեպքում է տեսանկարահանումը անօրինական
- Քաղաքացիների 46 տոկոսին չի մտահոգում, որ տարբեր կազմակերպություններ պահում են իրենց անձնական տվյալները. հաշվետվություն