Պրոբացիոն ծառայության աշխատակիցները փորձարկել են Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումները
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 24-ին ՀՀ պրոբացիայի պետական ծառայությունում մասնակցել է պրոբացիոն ծառայության աշխատակիցների վերապատրաստմանը:
Դասընթացն անցկացնում է Իսրայելից ժամանած փորձագետ Այվարես Դալդերիսը՝ ԵԽ «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Սուրեն Քրմոյանի խոսքով՝ պիլոտային ծրագիրը դեռևս պետք է անցնի իր փորձությունը՝ հնարավորություն տալով գնահատել դրա արդյունավետությունը և հետևաբար հետագայում դրա լիարժեք կիրառելիության նպատակահարմարությունը:
«Այդ հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ ծրագրի ավարտից և արդյունքների ամփոփումից հետո՝ 2017 թվականի սեպտեմբերին»,- ասել է նախարարի տեղակալը:
ՀՀ ԱՆ դատաիրավական ԾԻԳ տնօրեն Տաթևիկ Դավթյանը տեղեկացրել է, որ երկօրյա վերապատրաստման ընթացքում պրոբացիայի 10 աշխատակիցներ կծանոթանան դատապարտյալների վերահսկման էլեկտրոնային սարքավորումների օգտագործման և կիրառման կանոններին, այդ ընթացքում ծագող տեխնիկական խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին:
Նա ընդգծել է նաև, որ հետագայում վերապատրաստված աշխատակիցները, ըստ անհրաժեշտության, նշված սարքավորումների կիրառման կանոնները կուսուցանեն պրոբացիայի ծառայության անձնակազմի մյուս աշխատակիցներին:
«Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումներն ամրացվում են պրոբացիայի շահառուին կամ տեղադրվում են վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում, որն էլ իրականացվում է Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի և էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը» ,-նշել է Տաթևիկ Դավթյանը:
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հիշեցնում են, ՀՀ օրենսդրության համաձայն՝ Էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է քրեական վարույթի մինչդատական և դատական քննության փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված միջամտություն կամ պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց կամ հետպատժյա փուլում:
Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացման ընթացքում էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատական ակտով` դատախազի, պաշտպանության կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ, իսկ պատժի կատարման փուլում` պրոբացիայի ծառայության միջնորդությամբ:
Վերապատրաստմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանվեցին Պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները
- Հայաստանում նորաստեղծ պրոբացիոն ծառայության հետ մեծ հույսեր են կապում
- Հաստատվեց պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը
- Վրաստանի փորձի փոխանակման անհրաժեշտություն պրոբացիայի ոլորտում
- Պրոբացիայի ծառայությունը թույլ կտա պատշաճ երկխոսություն ապահովել հանցագործություն կատարած անձի և տուժողի միջև. փոխնախարար
- Պրոբացիայի ծառայության ամբողջական ներդրման դեպքում 1-3 միլիարդ դրամով ծախսերը կնվազեն. Քրմոյան
- Պրոբացիայի ծառայությունը ﬕ քանի կարևոր ֆունկցիաներ իրականացնելուց զատ, ունի մի շատ կարևոր գործառույթ. Ա.Հովհաննիսյան
- Կառավարությունը հավանություն է տվել ««Պրոբացիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին