Վազգեն Ազրոյան. Շատ հաճելի է կրկին Հայաստանում լինել
Հայաստանի գեղասահքի առաջնությանը ներկա է եղել Վազգեն Ազրոյանը: Ճանաչված գեղասահորդը զուգապարերում հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո, այդ թվում՝ 2006 թվականի Թուրինի օլիմպիական խաղերում:
«Երևանում եմ որպես մարզիչ։ Հայաստանի առաջնությանը մասնակցեց սանս` Կոնստանտին Միլյուկովը: Նա 22 տարեկան է, մենք արդեն չորս տարի է միասին ենք աշխատում: Կոնստանտինը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և նոր մրցաշրջանում կկարողանա հանդես գալ ազգային հավաքականի կազմում»,- ՀԱՕԿ լրատվականին ասել է Վազգեն Ազրոյանը։
«Զուգապարերի ցուցադրական ելույթում հանդես եկան դուստրս` Վիկտորյան (շուտով 14 տարին կլրանա) և Ֆիլիպ Խարիսովը, որոնք վերջերս սկսել են միասին սահել մինչև 21 տարեկանների տարիքային խմբում: Հուսամ՝ ազգային ֆեդերացիան նրանց կթուլյատրի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
Ես մարզական կարիերաս 2008 թվականին եմ ավարտել: Շատ հաճելի է նորից այստեղ գալ:
Ջերմությամբ եմ հիշում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու տարիները, երբ ես պատվի արժանացա լինելու Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի բացման դրոշակակիր: Վերջին երեք ու կես տարիներին աշխատել եմ Կազանում, որպես Թաթարստանի Հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ: Այժմ Մոսկվա եմ վերադարձել, որտեղ շարունակում եմ մարզել»,-պատմել է Վազգեն Ազրոյանը: