Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի և Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ.-ին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության պատմական հիշատակի առիթով այսօր ժամը 11:00-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միզախանյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Համբարձման տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը ժամանակահատվածում, հինգշաբթի օր:
Qahana,am-ը գրում է, որ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում է նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև «Գործք Առաքելոց» գրքում. «և Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելը:
Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուց խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Այս ավանդույթը մինչ օրս պահպանվել է մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում: