Ցուցարարները Բրազիլիայում հրդեհել են գյուղատնտեսության նախարարության շենքը
Բրազիլիայում զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցները հրդեհել են երկրի գյուղատնտեսության նախարարության շենքը և վնասել ևս մի քանի կառավարական շենքեր: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, երկրի իշխանությունները հայտնել են այն մասին, որ Բրազիլիայի փողոցներ դուրս է եկել ավելի քան 35 հազար մարդ: Մայրաքաղաքում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացրել:
Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Միշել Տեմերի հրաժարականը, նոր ընտրությունների անցկացում, նախատեսված տնտեսական բարփոխումների չեղարկում:
Ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով մեկ մարդ տուժել է, մի քանիսը ձերբակալվել են: Բողոքի ակցիաները սկսվել են հանգիստ, բայց արագորեն վերածվել են անկարգությունների: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ:
Երկրի նախագահը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Միշել Տեմերը Բրազիլիան ղեկավարում է արդեն մեկ տարի՝ նախորդ նախագահի իմպիչմենթից հետո: