Իրանը նոր բալիստիկ հրթիռ կարտադրի
«Թշնամիները կարծում են, որ Իրանի հզորությունը միայն հրթիռների մեջ է»,-ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ կառավարության նիստին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, անդրադառնալով երկրին սպառնացող արտաքին մարտահրավերներին, մասնավորապես ասել է. «Թշնամիները կարծում են, որ Իրանի հզորությունը միայն հրթիռների մեջ է: Իհարկե, մենք հրթիռների կարիք ունենք, բայց թող թշնամիներն իմանան, որ ինչի կարիք ունեցանք, կարտադրենք»:
Իրանական «Ասրիրան.քոմ» կայքի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն էլ, Դեզֆուլ կատարած այցի շրջանակներում տեղեկացրել է, որ վերջին տարիներին ԻՀՊԿ-ի կողմից երրորդ ստորգետնյա հրթիռների արտադրության գործարանն է կառուցվել և Իրանը շարունակելու է զարգացնել այդ ոլորտը:
«Մենք նախատեսում ենք ցամաքից ցամաք առաջին բալիստիկ հրթիռն արտադրել, այն կունենա «Դեզֆուլ» անունը»,-հավելել է գեներալ Հաջիզադեն:
Հիշեցնենք, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամերիկյան «CBS» հեռուստաալիքի լրագրողի այն հարցին, թե Իրանը պատրաստվո՞ւմ է ավելացնել ռազմական բյուջեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան 100 միլիարդ դոլարի զենք պետք է գնի ԱՄՆ-ից, Հասան Ռոհանին պատասխանել էր. «Սաուդյան Արաբիան իրանաիրաքյան պատերազմի ժամանակ մի անգամ միլիարդավոր դոլարի զենք տրամադրել է Սադդամ Հուսեյնին, ի՞նչ եղավ, ի՞նչ արդյունք տվեց: Սաուդյան Արաբիան որոշել է, որ իր գումարները լցնի ամերիկացիների գրպանը: Սաուդյան Արաբիան զենք է գնում, մենք այդ զենքից կարդադրենք»: