Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիրներին հրավիրում է փոխգործակցության
«Ժառանգություն» կուսակցությունը պետք է գնա խոշորացման: Այն ոչ թե զուտ ավանդական կուսակցություն է, այլ կոնկրետ տեսակ, որը չի փոխվել: Լրագրողների հետ այսօր կայացած զրույցի ժամանակ այս մասին ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կգործակցի ընդդիմադիր դաշտում գտնվող խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների հետ:
Նա տեղեկացրեց, որ կուսակցության խոշորացման վերաբերյալ առաջարկն ինքը կհնչեցնի «Ժառանգության»՝ մոտավորապես մեկ ամիս հետո կայանալիք համագումարին:
«Այդ ժամանակ էլ հենց կիմանանք՝ պատրաստ են մեր գործընկերները մտնել կուսակցական պայքարի մեջ՝ որպես մեկ կուսակցություն»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Քաղաքական գործիչը գրեթե բացառեց, որ կողմերի համաձայնությամբ ստեղծվելիք նոր քաղաքական միավորը դաշինքի օրինակով կոչվի «ՕՐՕ»՝ տեղեկացնելով, որ համգումարին ինքը նաև առաջարկելու է խոշորացված միավորը կոչել արդեն հայտնի՝ «Ժառանգություն» անունով:
«Մենք կարիք չունենք 50 կուսակցության, մենք կարիք ունենք 5-10 քաղաքական ուժերի, որոնք մեծ են, ունեն ֆինանսական ռեսուրսներ և կարող են հակակշռել գործող իշխանություններին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով նախկին գործընկերոջ՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ հավանական փոխգործակցությանը՝ «Ժառանգության» առաջնորդը շեշտեց՝ շատ ցանկալի կլիներ, եթե նա մնար հարազատ կուսակցությունում՝ թեկուզև որպես տարբերվող կարծիքով փոքրամասնություն:
«Բոլոր դեպքերում նա առանձին քաղաքական գործիչ է դարձել, բայց նրա կայացման գործում փոքր չէ «Ժառանգության» ներդրումը: Մենք նրա հետ համագործակցությունը չենք բացառում»,- ասաց Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին