Այդ երեխաները մեղավոր չեն, որ իրենք ծնվել են մի տեղ, որտեղ 8 աշակերտ կա. Լևոն Մկրտչյանը՝ դպրոցների օպտիմալացման մասին
ՀՀ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի հանձնարարականը՝ կապված դպրոցների օպտիմալացման հետ, վերաբերում է քաղաքային դպրոցներին:
«Մենք ունենք մարող դպրոց, օրինակ՝ Կոնդի դպրոցը, որն ավանդույթ ունեցող դպրոց է, բայց մի քանի տասնյակ աշակերտ ունի: Այդ դպրոցի ճակատագիրն իրոք դժվար է պատկերացնել»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքերով՝ ծրագիրը գյուղական դպրոցների չի վերաբերում, բայց եթե հասնեն գյուղերին, ապա պետք է մի շարք սկզբունքներ դրվեն: «Եթե գյուղի դպրոցն ունի 7 աշակերտ, իսկ 1-2 կիլոմետր հեռավորությամբ կա մեկ այլ դպրոց, որտեղ սովորում է 60 աշակերտ, ապա այդ 7 աշակերտով դպրոցն իսկապես դժվար է պահել, քանի որ մենք չենք կարողանա նրանց որակով ապահովել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Նա համոզմամբ՝ եթե կա բնակավայր, ուրեմն այդ բնակավայրը պիտի ունենա պայմաններ, որի մեջ մտնում է նաև դպրոցը:
«Հիմա ինչպե՞ս անենք, որ այդ տեղում որակ ապահովենք, այ դա խնդիր է: Դրա համար զարկ ենք տալիս հեռակա կրթությանը, էլեկտրոնային կրթությանը, մենթոր դպրոցներին: Այդ երեխաները մեղավոր չեն, որ իրենք ծնվել են մի տեղ, որտեղ 8 աշակերտ կա: Իրենց համար պետք է նույն պայմաններն ապահովենք, ինչ մյուսներին»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան