Կառավարությունն առաջարկում է ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին:
Նրա խոսքերով՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ:
«Միաժամանակ ակնկալում ենք գործադիր մարմնի ղեկավարների և կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: Այս ծրագրին խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով՝ առաջարկում են համայնքներում աղբահանության և սանիտարական տեսուչների ինստիուտը, իսկ մինչև տարվա վերջ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ոլորտը կարգավորելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ:
Նրա խոսքով, պետք է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ամսական մանրամասն հաշվետվություններ զեկուցվեն, այնուհետև կատարված աշխատանքների և հետագա միջոցառումների վերաբերյալ ներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներին:
Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին նաև հանձնարարեց 15-օրյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ փակման ենթակա և կոնսերվացման դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակարպելու և աղբահանության ծառայությունները ապահովելու նպատակով համապատասխան ազդակիր համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ։
«Մենք համայնքներին առաջարկում ենք, որպեսզի սահմանեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, ձևը թող իրենք մտածեն: Այդ ինստիտուտը սահմանում է խաղի հստակ կանոններ, նորմեր, բյուջե չի պահանջում, քանի որ իր բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են, որոնք կիրառվելու են, որի մի մասը գնալու է այդ տեսուչների վարձատրությանը, մյուս մասը՝ աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որպեսզի որոշ քաղաքացիների կարողանանք բերել այսօրվա «ցիվիլ դաշտ»»:
Կարեն Կարապետյանի կարծիքով, այդ ինստիտուտի ներդրումը տրամաբանական է, պետական բյուջեից գումար չի պահանջում, որը կմտցնի կարգ ու կանոն և արագ կկանոնակարգի այդ դաշտը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին