Առաջարկ. Սահմանել շենք-շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի միասնական ոճ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարաձավ շենքերի և շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու խնդրին:
Վարչապետը հիշեցրեց, որ այս տարվա մարտի 23-ին ներկայացվել էր հանձնարարական՝ բազմաբնակարան շենքերի տանիքների կարգավորման խնդրին՝ այդ շենքերի շինությունների սեփականատերերի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների և այլ միջոցների ներգրավմամբ, լուծում տալու վերաբերյալ:
«Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ և մոտեցում`հատկապես շենքերի տանիքների մասով՝ ձև, նյութ, գույն և այլն, սակայն նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն: Հաշվի առնելով վերոգրյալը հանձնարարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածային ձևափոխումները վերացնելու նպատակով՝ նախատեսված պահանջները սահմանելուց հետո մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ ժամանակացույց՝ դրանց տանիքները և արտաքին այլ տարրերը պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգրավմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ տանիքների վերանորոգման աշխատանքները պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքերում պետք է առաջնորդվել 1-ին կետով նախատեսված պահանջներով։
«Խնդիրը պարզ է, եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»,- ընդգծեց վարչապետը: