Շառլ Ազնավուրի կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունը՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացումում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 29-ին տեղի կունենա ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը, որին ներկա կլինի նաև ինքը՝ աշխարհահռչակ երգիչը:
Լրագրողների հետ հանդիպմանը բեմադրության սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանն ասաց, որ բալետային ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա:
«Ազնավուրն այն երևույթն է, ով ճեղքել է ժամանակը, դուրս է եկել ժամանակից ու դարձել հավերժություն իր արվեստով, երգերով: Այդ արվեստը բաղկացած է ֆիզիկական իր կերպարից, որը շատ ցայտուն է բեմի վրա, ձայնից, որը հատուկ է, խոսքերից ու երաժշտությունից: Այս չորսին այսօր միանում է թատերական, բալետային այն ձևը, որով պետք է ավելի հարստանա ոչ թե Ազնավուրը, այլ բնությունը: Այն արտացոլում է Ազնավուրի արվեստի համամարդկային բնույթը»,- նշեց նա՝ հավելելով, որ բալետը չի հավակնում ներկայացնելու Ազնավուրի կենսագրությունը, այլ նրա կերպարի, անցած կայնքի ու զգացմունքների այլաբանությունն է:
Հարցին, թե ինչպե՞ս եք ընտրել այդ 12 երգը, Ռ. Խառատյանն ասաց, որ չի ընտրել՝ հարմարացնելով պարային շարժումներին, այլ ելնելով ներքին դրամատուրգիայից:
«Բոլոր ընտրված երգերն ուղարկում էինք երգչին, հայտնում էր՝ գոհ է, թե ոչ: Իր հետ խորհրդակցել ենք ու համաձայնեցրել ամեն երգ, սցենարը»,- հավելեց բեմադրող խորեոգրաֆը:
Պատասխանելով մեկ այլ հարցին, թե բեմադրությունն ավելի շատ դասական բալետի վրա է խարսխվա՞ծ, թե՞ ժամանակակից, Ռ. Խառատյանն ասաց. «Ավելի ժամանակակից մոտեցում է՝ հենված դասականի վրա: Այսինքն՝ շարժումները բոլորը նույնն է, ուղղակի շարժման արագություն, տեմպ, ռիթմ կա այստեղ: Բայց սա մոդեռն չէ»:
Նրա խոսքով, դասականի հետ համադրել է այն ժամանակակից ձևերը, ինչը հնարավոր էր. տղաների բարձր թռիչքներ ու ակրոբատների հանկարծակի հայտնվելը բեմում, հեծանվորդ՝ մի կողմից ստեղծելով փարիզյան, երևանյան, կամ ցանկացած մեծ քաղաքի եռուզեռ, մյուս կողմից ներկայացնելով այսօրվա մոտեցումը:
Բալետի գլխավոր դերերում են օպերայի և բալետի թատրոնի պարողները՝ Գարեգին Բաբելյան, Անդրանիկ Աբովյան, Տաթևիկ Գրիգորյան, Կարինե Շիկանյան:
Արդյո՞ք գոհ եք պարողներից հարցին ի պատասխան, նա նշեց. «Մեր պարողներն ինչքան լավանում են, ես ավելի հեռուն եմ տեսնում, ավելի կատարյալն եմ տեսնում»:
Ասուլիսին ներկա ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ այս բեմադրությունը շատ հայտնի է լինելու ոչ միայն Հայաստանում, նաև վստահ է, որ հայտնի կլինի ամենուր, որտեղ սիրում են Ազնավուրի երգերը, իսկ դա ողջ աշխարհում է: Նա նաև տեղեկացրեց, որ Ռ. Խառատյանի հետ նախատեսում են անել նաև առաջին բաժինը՝ ֆրանսիացի երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար, ՀՀ Պատվո շքանշանի ասպետ, Միշել Լեգրանի երաժշտության հիման վրա:
«Լա Բոհեմ» ներկայացման պրեմիերան ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում: Այն ընդգրկվելու է օպերայի և բալետի թատրոնի խաղացանկային ներկայացումների շարքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին