Ձեզ է վստահվում պաշտպանել մեր պետական, կրթական ու գիտական սահմանները. ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնական տարվա ավարտի և ձեր կյանքի նոր ու կարևոր շրջափուլի մեկնարկի առթիվ:
Այժմ ձեզանից պահանջվելու է ավելի հետևողականորեն համադրել հնարավորությունները, ունակությունները և կարողությունները, մտքի ու մարմնի ջանքերը, ավելի ուշադիր ականջալուր լինել թե՛ խորհուրդներին և թե՛ ներքին ձայնին, սառնասրտությամբ և զգացմունքներով առաջնորդվելով, միևնույն ժամանակ, երբեք չդավաճանել խղճի ձայնին:
Այդ ամենի հանրագումարում դուք հաստատ կհասնեք ձեր նպատակներին, որոնք, անձնական լինելով, պիտի լինեն նաև ողջ ազգի շահերից բխող, ընտանեկան լինելով` նաև ողջ երկրի շահերին համապատասխանող: Ձեր ընտանեկան օջախներում և, իհարկե, դպրոցում ստացած դաստիարակությունը, ձեր ծնողների և ուսուցիչների խորհուրդները, ձեռք բերած ու դեռ հարստանալու լայն հորիզոն ունեցող գիտելիքներն ու փորձը, վստահաբար, օգտակար են լինելու ձեր կյանքի բոլոր փուլերում և մասնավորապես առաջիկա հատվածում: Այն կայանալու, ձևավորվելու, նորովի խորհելու, մտածելու և գործելու մի ժամանակահատված է, որը դառնալու է վճռորոշ և ուղղորդիչ հետագա ողջ տարիների համար:
Ձեզ է վստահվում պաշտպանել մեր պետական, կրթական ու գիտական սահմանները և ավելի ընդլայնել դրանք, պաշտպանել խաղաղությունն ու այն դարձնել ավելի հաստատուն, ավելացնել երկրի ներուժը, հնարավորություններն ու դրանք վերածել առավելությունների, դառնալ արժանապատիվ, խելամիտ քաղաքացի և խիզախ զինվոր, օջախի, հայրենիքի ու պատվի պահապան:
Վստահ եմ, որ ձեր իսկ ջանքերի և աշխատանքի շնորհիվ նպատակները լինելու են հասանելի, երազանքները` իրագործելի, իսկ հաջողությունները` անխուսափելի:
Մաղթում եմ ձեզ, սիրելի շրջանավարտներ, առողջություն, լավատեսություն, բարեկեցություն և հաջողություն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները