Կոնվերս Բանկ. Էռնեկյան դպրոցի սաներին կաջակցենք նաև դպրոցն ավարտելուց հետո
Սեր հայրենիքի, ընտանիքի նկատմամբ, հարազատ կրթօջախից բաժանման ցավ ու հավատ ապագայի նկատմամբ: Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների ավարտական միջոցառման հիմնական թեմաներն էին սրանք: Միջոցառումը դիտելու և շրջանավարտներին հրաժեշտ տալու համար կրթօջախ էին այցելել Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսը, հոգևոր դասի, ինչպես նաև դպրոցի հովանավոր, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ներկայացուցիչներ:
«2009թին, երբ նոր էինք ձեռնամուխ եղել Հայաստանում Հայորդաց տների հիմնադրմանը, ինձ մոտեցավ արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը և աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Էռնեկյան կրթօջախի սաների կրթությունը, կրթական լավագույն պայմանների ստեղծումը և դպրոցի սաներին մրցունակ գիտելիքների փոխանցումը միշտ էլ եղել են բարերարի ուշադրության կենտրոնում»,- իր խոսքում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառը գոհունակությամբ նշել է, որ Էռնեկյան դպրոցի սաները միշտ էլ աչքի են ընկել «հասունությամբ և մտքի ճկունությամբ», ինչի վկայությունն են հանրապետական օլիմպիադաներում գրանցած հաջողությունները:
«Էդուարդո Էռնեկյանը ուշադրությունից չի վրիպում ուսումնառությանը, դրա պայմաններին առնչվող ոչ մի մանրուք: Աստծո կամոք, հաջորդ տարի Էռնեկյան դպրոցի սաների առջև իր դռները կբացի դպրոցի նոր շենքը, որը ևս կառուցվել է բարերարի աջակցությամբ»,- ասել է Վեհափառը՝ շրջանավարտներին մաղթելով նվաճումներ ու ձեռքբերումներ, երազանքների իրականացում:
Դպրոցից հայտնում են, որ կարևորվել նաև Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի աջակցության դպրոցի սաներին՝ ուսումնառության ողջ ընթացքում ամենամյա կրթաթոշակների տրամադրումը: Կուտակված դրամագլուխը աշակերտներին է տրվում դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի ISIC քարտերով:
« Էռնեկյան դպրոցի շրջանավարտներին համակողմանի աջակցությունը միշտ էլ եղել է Էդուարդո Էռկենյանի կողմից կառավարվող խմբի կառույցների՝ այդ թվում Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այս տարվանից դպրոցի սաներին կաջակցենք ոչ միայն ուսումնառության տարիներին, այլև դպրոցը ավարտելուց հետո՝ աջակցելով բիզնես ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև լավագույն սաներին հնարավորություն տալով գործնական պրակտիկա անցնել Բանկում»,-ողջունելով կրթօջախի սաներին՝ ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը՝ Բանկի ղեկավարության անունից դպրոցի սաներին հետագայում աշխատանքով ապահովելու պատրաստակամություն հայտնելով :