Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի վեց մարզիկ
Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 11-17-ը Թբիլիսիում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի մարզչական շտաբը որոշել է, թե ովքեր են հանդես գալու աշխարհամասի առաջնությունում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ Թբիլիսիում Հայաստանի կներկայացնի վեց մարզիկ.
«Եվրոպայի առաջնությունում հանդես կգանք երկու զենքաձևում` խոցասուսեր և ճկասուսեր: Այժմ մարզումներ ենք անցկացնում ե´ւ միասին, ե´ւ առանձին-առանձին: Մեր սուսերամարտիկները վատ մարզավիճակում չեն: Դեռ ժամանակ ունենք լավագույնս ներկայանալու համար:
Եվրոպայի առաջնությունից ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն, քանի որ մեր մարզիկներից մի քանիսը նոր են մտել այդ տարիքային խումբ, մյուսները երիտասարդ են: Իսկ մեծահասակների առաջնությունը շատ ուժեղ է: Սա միջազգային մեծ փորձ կլինի հայ սուսերամարտիկների համար: Մրցանակային տեղ չենք սպասում, բայց կարծում եմ` մերոնք մի քանի փուլ կհաղթահարեն»։
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն խոցասուսեր զենքաձևում` Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը, Միքայել Ղազարյանը, Ռազմիկ Վարդանյանը, իսկ ճկասուսերում` Մայքլ Հովհաննիսյանը և Պարգև Ստեփանյանը: