Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները
Առաջիկայում պլանավորված են սկսել Ջավախքի Կարծախ գյուղում գտնվող Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքները, մասնավորապես` hողի շերտերի հեռացում և փտած գերանների փոխարինում նոր գերաններով, պատերի և տանիքի ամրացում: Այս մասին գրում է akhaltskha.net-ը:
Մայիսի 23-ին աշխատանքային այցով գ. Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող Արգամ Երանոսյանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Վարդերեսյանի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանը բացվել է 2016 թ. օգոստոսի 27-ին: Այն կառուցվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ: Թանգարան դարձնելու նպատակով Ջիվանու հայրական տունը հիմնադրամին նվիրաբերել է Կարծախ գյուղի զավակ Սպարտակ Բանգոյանը: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ մի քանի անգամ Կարծախ է գործուղվել համապատասխան մասնագետների խումբ, ովքեր կազմել են տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը։
Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, 1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին: Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից:
Հարակից հրապարակումներ`
- Բացվել է Ջիվանու տուն-թանգարանը
- Ջիվանու տուն-թանգարանի բացմանն ընդառաջ
- Աշուղ Ջիվանու տուն-թանգարանն առաջիկայում կբացի իր դռները