«Երկիր Ծիրանի»-ի հայցի քննությունն ընդհատվել է. Դատավորը լքեց դահլիճը
Վարչական դատարանը քննում է «Երկիր ծիրանի»-ի դիմումը՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը բողոքարկելու մասին: Հայցվոր կողմի շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Գաբրիելյանը առաջարկեց հետաձգել նիստը, քանի որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները ներկա չեն, միգուցե ճանապարհին խցանման մեջ են մնացել:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ դեմ է միջնոդությանը, քանի որ դաշինքի անդամները ծանուցվել են նիստի մասին սահմանված պատշաճ կարգով:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչը պնդեց միջնորդությունը, ասաց, որ նոր է ներգրավվել գործում, պետք է ծանոթանա նյութերին, լրացնի ապացույցները:
Դատարանը չբավարարեց միջնորդությունը, ներկայացրած հիմքերը բավարար չեն, քննությունը պետք է իրականացվի սեղմ ժամկետում:
«Հայց ներկայացվող կողմում քանի հոգի է ծանոթ նյութերին. ներկայացել է մի ներկայացուցիչ, ով ծանոթ չէ: Ենթադրվում է, որ հայցվորը պետք է ծանոթ լինի հայցին, իսկ դուք առաջարկում եք, հետաձգենք, որ հայցվորը ծանոթանա հայցին»,-ասաց դատավորը, առաջարկելով, ներկայացնել բացման խոսքը:
Այն ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը: Հայցադիմումը ներկայացնելիս դատավորն ընդհատեց Փոստանջյանին, վերջինս դա որակեց որպես Բաղրամյան 26-ի կողմից տրված պատվեր:
«Դուք անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերում դատարանի նկատմամբ: Դուք այստեղ քաղաքական ակցիա չեք իրականացնում»,-ասաց դատավորը:
Դատավոր-Փոստանջյան բանավեճին միջամտեց դատարանի դահլիճում գտնվող կանանցից մեկը, դատավորը կարգադրիչներին խնդրեց կնոջը հեռացնել դահլիճից:
«Չեմ հեռանալու, թողեք մարդն իր խոսքն ասի: Սա ի՞նչ է, բռնապետություն է: Չեմ գնում, բերեք, ձերբակալեք: Նստելու եմ լսելու բացման խոսքը»,-բղավեց Ստելլա Աղաջանյանը:
Ի պատասխան դատավորները հեռացան դահլիճից, ինչին հետևեցին ծափահարություններ ու «Էդ է ձեր արդարադատությունը» բացականչություններ:
Դահլիճում ներկաները չհասկացան, թե ինչու հեռացավ դատարանը, ընդմիջո՞ւմ է, պե՞տք է սպասեն, թե՞ ոչ:
Այս պահին հայցվոր ու պատասխանող կողմերը սպասում են դատավորների վերադարձին
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյանը պահանջում է իրեն և իր դստերը ճանաչել տուժող
- Փոստանջյանը՝ լրացուցիչ բողոք-պահանջ է ներկայացրել
- Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել. ՀՔԾ
- Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
- Փոստանջյան. Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահների կողմից արձագանք չկա